Ուզում եմ ողջունել Վիլեն Գաբրիելյանի որոշումը և խնդրում եմ՝ նրա կերպարը չփչացնել վերջին միջադեպով․ Հասմիկ Հակոբյան

Նավակ ճոճող անունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում իր անշնորհք և պատգամավորին ոչ հարիր պահվածքի համար մանդատը վայր է դնում։ Այս մասին նա այսօր՝ ապրիլի 1-ի օրով, հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։ Այդ օրը նրան փորձում էին հանգստացնել և կարգի հրավիրել տարբեր ՔՊ-ական, որոնց թվում էր նաև պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
MediaHub-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչպե՞ս է գնահատում իր թիմակցի՝ մանդատը վայր դնելու որոշումը։
«Կարծում եմ՝ հանրային գործիչը պետք է պատասխանատվություն կրի իր հանրային վարքի համար, և պարոն Գաբրիելյանի արարքը նաև իր արարքի գիտակցումը, բնականաբար, գնահատելի է»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։
-Կարո՞ղ է դա օրինակ հանդիսանալ կամ վարակիչ լինել մյուս այն ՔՊ-ական պատգամավորների համար, որոնք ևս այդպիսի վարքուբարքով են աչքի ընկել այս տարիներին, բայց մանդատը վայր չեն դրել, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալեն Սիմոնյանի, Արթուր Հովհաննիսյանի համար։
-Գիտե՞ք, Ձեր նշած իմ գործընկերներից յուրաքանչյուրի դեպքը նման չէ մյուսին, և յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես դդրսևորել հետո իր վարքը և ինչպիսի գործողություններ կատարել։
-Այո, դեպքերը մեկը մյուսին նման չեն, քանզի յուրաքանչյուրը յուրովի է վիրավորում և հայհոյում։
-Ես ուզում եմ նշել, որ շատ դժվար է, և երբեմն մարդկանց նյարդերը տեղի են տալիս, հատկապես հետպատերազմյան շրջանում մյուս կողմից ևս շատ է լինում, որ մարդիկ չափն անցնում են, այդ թվում՝ լրագրողները, այդ թվում՝ ընդդիմախոսները, բայց մենք էլ պարտավորություն ունենք զսպելու մեզ։ Ճիշտ է, մենք էլ մարդ ենք, ու երբեմն էմոցիաները տեղի են տալիս, բայց կարևոր է դրանք զսպել և անգամ սխալների դեպքում շատ ճիշտ է արարքի համար ներողություն խնդրել։
-Կարծիքներ կան, որ գուցե ճնշումներ են եղել կուսակցության վերնախավից, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանն են հորդորել, համոզել, ստիպել Վիլեն Գաբրիելյանին, որ մանդատը վայր դնի։ Կա՞ նման բան, թե՞ Գաբրիելյանն ինքնուրույն է այդ որոշումը կայացրել։
-Ես հակված եմ մտածելու, որ պարոն Գաբրիելյանն ինքնուրույն է այդ որոշմանը եկել՝ չնայած նրան, որ մշտապես մեր կուսակցականների, այդ թվում՝ պաշտոնյաների վարքագիծը, նրանց հետ կապված տարբեր խնդիրներ մեր վարչությունում քննարկվում է, բայց կուսակցության վարչությունում տվյալ դեպքի քննարկման մասին տեղեկացված չեմ, եթե նույնսիկ նման քննարկում է եղել, բայց կարծում եմ՝ պարոն Գաբրիելյանն ինքն է հանգել այդ որոշմանը, որովհետև գիտեմ իր սկզբունքային տեսակը։
-Ինքը նաև իր գրառման վերջում հավելել էր, որ մանդատը վայր դնելուց հետո ինքն առաջադրվելու է որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու, քանզի կարծում է, որ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Ի՞նչ առողջացման մասին է խոսում, ՔՊ-ում այդպես անառողջ մթնոլո՞րտ է, որ ուզում է առողջացնել։
-Նախ ուզում եմ ողջունել պարոն Գաբրիելյանի որոշումը՝ վարչության անդամի թեկնածու առաջադրվելու։ Ինչ վերաբերում է առողջացմանը, ապա տեսեք՝ մինչև 2018 թվականը մեր կուսակցությունն այդքան էլ մեծ չէր, 2018 թվականին շատ մեծ հոսք եղավ կուսակցություն, բայց վարչությունը որոշեց շատ մարդկանց չընդգրկել, որովհետև այդ էյֆորիայի տակ ուղղակի մարդիկ ուզում էին դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» մի մասնիկը, և գիտակցաբար այդ պորցեսը կանգնեց։ Պատերազմից հետո նորից սկսվեց դիմումների վերանայումը, հանդիպումներ՝ դիմումատուների հետ, և մի քանի ֆիլտրով մարդիկ նոր դառնում էին կուսակցական, և մեր կուսակցությունը էլի ընդլայնվում էր անընդհատ, որովհետև պարզ է, որ իշխանական ուժի մեջ շատերն են ցանկանում լինել։ Եվ կուսակցությունը, երբ շատանում է, մարդիկ շատանում են, հնարավոր է՝ որոշ գաղափարներից և կուսակցության գաղափարախոսությունից հեռու լինեն, շատերը չկիսեն դրանք։ Եվ կարծում եմ՝ պարոն Գաբրիելյանը հենց սրա մասին է ցանկացել նշել, որ կուսակցության ակունքներից, գաղափարախոսությունից որոշակիորեն հեռացել են՝ կապված հենց կուսակցականների մեծ հոսքի հետ, որովհետև ասացի, որ շատերն են այս ընթացքում ընդգրկվել կուսակցություն։
-Հիմա Վիլեն Գաբրիելյանը ամբողջությամբ համապատասխանո՞ւմ է ՔՊ-ի գաղափարախոսությանը, արժեքներին, և կարո՞ղ է վարչության կազմում ընդգրկվելով՝ նպաստել կուսակցության առողջացմանը։
-Միանշանակ կուսակցության ակունքներում կանգնած է պարոն Գաբրիելյանը, և, այո, հենց կրողն է կուսակցության գաղափարախոսության։ Եվ ես խնդրում եմ՝ Վիլեն Գաբրիելյանի կերպարը չփչացնել վերջին միջադեպով, որը կապված էր պարոն Գաբրիելյանի՝ գինովցած լինելու հետ, որը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ։ Եվ կարևոր է նաև, որ մարդու այդ վիճակից չօգտվեն որոշ մարդիկ, որոշ լրագրողներ և, այսպես ասած, դիվիդենտներ չշահեն կամ քաղաքական հայտեր չներկայացնեն․․․ Շատ լրագրողներ տեղում շատ արժանապատիվ են իրենց պահել, հասկացել են իրավիճակը, ինչի համար ես ուզում եմ այնտեղ գտնվող լրագրողների մեծամասնությանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որովհետև լրագրությունից, քաղաքականությունից զատ նախևառաջ պետք է մարդ լինել։
Վահե Մակարյան