Նիդեռլանդները և Դանիան դեմ են Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն. Bloomberg

Նիդեռլանդները և Դանիան դեմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, փոխանցում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները և դիվանագիտական փաստաթղթերը։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել էր Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու դիմումը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Զելենսկիին հարցաշար է տվել՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ ԵՀ-ն ներկայումս գնահատում է Ուկրաինայի պատասխանները և ակնկալվում է, որ հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորության վերաբերյալ իր առաջարկությունները կներկայացնի ԵՄ առաջնորդներին։
Նիդեռլանդների դիրքորոշման մասին, որը դեմ է Կիևի հայտին, հայտնում է գործակալությունը՝ աղբյուրներին հղումով։ Բացի դրանից, Bloomberg-ը վկայակոչում է դանիացի դիվանագետների հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ Ուկրաինան բավարար չափով չի համապատասխանում այն ինստիտուտների կայունության չափորոշիչին, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հարգանքն ու փոքրամասնությունների պաշտպանությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Կիևին անհրաժեշտ է «հիմնականորեն կատարելագործել օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը»՝ այս բոլոր ոլորտներում առաջընթաց գրանցելու համար։
Որպես փոխզիջում Գերմանիան առաջարկում է Ուկրաինային պայմանական թեկնածուի կարգավիճակ տրամադրելու տարբերակը, հայտնում է Bloomberg-ը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորներն աջակցել են Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։