Մամիկոն Ասլանյանի սցենարով. ձերբակալվել է Բերդի համայնքապետի պաշտոնակատարը

Քիչ առաջ ձերբակալվել է Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը։
Ըստ MediaHub․am-ի ունեցած տեղեկությունների, Հովսեփյանն անցնում է Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող ընտրական թեմաներով քրեական գործերից մեկով։
Հատկանշական է, որ Սամվել Հովսեփյանը Բերդի չորրորդ համայնքապետն է, որի նկատմամբ, ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, քրեական հետապնդում է սկսվում։ Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում, անազատության մեջ գտնվելով անգամ, հաղթեց ՔՊ թեկնածուին։
Եվ սա, ինչպես փորձն է ցույց տալիս, ՔՊ-ն «չէր մարսելու»։
Որպես ասվածի վառ ապացույց կարող ենք ներկայացնել Վանաձորում ՔՊ-ի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյանի դեպքը։
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից 10 օր հետո ձերբակալվեց, ըստ իրավապահների, իր պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու հիմքով։ Դեկտեմբերի 16-ին Ասլանյանը կալանավորվեց, և մինչ այժմ գտնվում է անազատության մեջ։
5 ամիս երրորդ քաղաքն առանց քաղաքապետ թողնելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց մի նախագծի օգտին, որով հնարավորություն տրվեց վարչապետին՝ նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Եվ, բնականաբար, Փաշինյանը միանձնյա որոշեց Հայաստանի երրորդ քաղաքի համայնքապետի պաշտոնակատար նշանակել Արկադի Փելեշյանին, որը Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։
Այս օրինակը հաշվի առնելով, կարող ենք ենթադրել, որ Սամվել Հովսեփյանին կտանեն կալանքի, որոշ ժամանակ համայնքն անգլուխ կթողնեն, ապա Փաշինյանը ՔՊ-ական Վահրամ Սուքիասյանին կնշանակի Բերդի համայնքապետի ԺՊ։
Սցենարը նույնն է, իշխանությունն անգամ չի էլ փորձում որևէ տարբերվող քայլի գնալ, կարիքը չկա. դե, հասարակությունն արդեն համակերպվել է։
Նարե Գնունի