Ո՞վ և երբվանի՞ց այլևս չի կարողանա ինքնագլոր վարել․ տուգանք է սահմանվել
Ինքնագլորները դարձել են քաղաքացիների՝ թե՛ հետիոտների, թե՛ վարորդների գլխացավանքը։ Ինքնագլորները խանգարում են մեքենա վարելուն, հանգիստ զբոսնելուն, որովհետև չգիտես՝ ե՞րբ և որտեղի՞ց կհայտնվի ինքնագլորով մեկը, ու հազիվ կփրկվես վնասվելուց։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն քաղաքացիներից, որոնք տուժել են ինքնագլորներից: Գրեթե բոլորը նշում են դրանց արագությունը, մայթերին արագ վարելը:
«Ինձ համար քայլում էի մայթով, մի կողմում շինարարություն էր ընթանում, դրա համար կառուցված փոքր մասով էի անցնում, որտեղից ահռելի արագությամբ ինքնագլորով մի քաղաքացի էր մոտենում, հասնելով ինձ նա արագ կանգնեց, քանի որ անգամ երկու մարդ չէր կարող այդ մասով անցնել միաժամանակ։ Անհնար էր պատկերացնել, որ կարող է մեկը ինքնագլորով այդտեղով անցնել, այն էլ ահռելի արագությամբ: Հարցիս՝ «ինչո՞ւ եք այդտեղ վարում», միջին տարիքի տղամարդը չկարողացավ ինձ բացատրել ու արագ հեռացավ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինքնագլորից տուժածների թիվը գնալով շատանում է, բարեբախտաբար ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։ Ավելին՝ ինքնագլորներ վարելու կարգը խախտողներին նախատեսվում է 5–ից 29 հազար դրամ տուգանք։
MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ–ի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է սա նշանակում:
«Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ): Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք»,– նշեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, վերջիններիս բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը կսահմանվեն համայնքի ավագանու կողմից:
««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները 2024 թ–ի հոկտեմբերի 22-ին ստորագրվել են ՀՀ նախագահի կողմից և պաշտոնապես հրապարակվել են հոկտեմբերի 23-ին։ Նշված օրենքներն ուժի մեջ են մտնելու են նոյեմբերի 24-ից, բացառությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի 3–րդ հոդվածով լրացվող 24․4–րդ հոդվածի 9–րդ մասի և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի 3–րդ հոդվածով լրացվող 131.1 հոդվածի 3–րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թ–ի սեպտեմբերի 1–ից»,– նշեց Սարգսյանը։
Ճշտող հարցին, թե ի՞նչ տուգանք է դա նախատեսում, Սարգսյանը հայտնեց․ «Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Այս ամենն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 24-ից»:
Մարիաննա Արամյան