Ծեծկռտուք ԱԺ-ում

Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր հերթական ծեծկռտուք տեղի ունեցավ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ 

Միջադեպը սկիզբ առավ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը, դիմելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, հիշեցրեց, թե ինչպես է 2021թ. նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել իրեն։

«Այդ ժամանակ ես գտնվել եմ Ազգային ժողովում, ինձ լսելու իրավունքը խախտելով կալանավորել եք ինձ։ Դուք շատ ճակատագրերի հետ եք այսպես վարվել, մարդկանց զրկելով շփվել իրենց երեխաների, ծնողների հետ։ Այդ մարդկանց տեղն եմ ես նաեւ խոսում։ Այստեղ կանգնած հպարտորեն ասում եք, թե ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել։ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ եւ կալանավորել»,- հավելեց նա:

Այս արտահայությունից հետո Ալեն Սիմոնյանը Սարգսյանին հորդորեց կոռեկտ արտահայտվել: Ելույթն ավարտելուց հետո ընդդիմադիր պատգամավորը մի պահ կանգնեց ամբիոնի կողքին, ապա շրջվելով դեպի Արմեն Դանիելյանն՝ ասաց․ «Դուրս գալուց առաջ կնայեք աչքերիս մեջ նոր դուրս կգաք»։  

Խորհրդարանի դահլիճում սկսվեց քաշքշուկ, ըստ ընդդիմադիրների, Հովիկ Աղազարյանի «մեջ ընկնելուց հետո»։ Երբ իրավիճակը լարվեց, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ հրահանգելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Մանրամասն՝ տեսանյութում