Կեղծ դատավարություններով Բաքուն փորում է Հայաստանի գերեզամանափոսը

Կեղծ դատավարություններով Բաքուն փորում է Հայաստանի գերեզամանափոսը

«Երկիրը ցնցումների տանող ծախված իշխանությունը հայ-ամերիկյան գործընկերային փաստաթղթի ստորագրումով սկսել է նախընտրական տոնախմբությունը»,-MediaHub-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց կանադահայ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլեանը, նշելով, որ այդ ստորագրությունը միայն PR նպատակ է  հետապնդում։

«Նախ, հաշվի առնենք դրա շտապողականությունը։ Փաշինյանն օր առաջ ուզում էր ստորագրություն ձեռք բերել ԱՄՆ հեռացող իշխանությունից։ Իսկ այդ ռազմավարական անունը ստացած թուղթը Հայաստանին դեպի անդունդը տանող ևս մեկ քայլ է, եթե չասենք՝ հիմնական գործոններից առաջինը»,-ընդգծեց Այնթափլեանը։

Նրա խոսքով՝ գոնե այս օրերին համահայկական հայրենիքի պետական օրակարգում պետք է լիներ Բաքվում պահվող անձանց անհապաղ վերադարձի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու հավաքական տունդարձի հարցերը։  

«Հավաքական Սփյուռքը դրսից ավելի մեծ օգուտ է տալիս Հայաստանին, քան օրվա իշխանությունը։ Բաքվում դատական պրոցեսներն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն։ Այս դատավարություններով Բաքուն իր ձեռքով փորում է Հայաստանի գերեզամանափոսը։ Կարող եք անպատվել ինձ, բայց դա այդպես է։ Ադրբեջանական կողմը գերիների, մասնավորապես Արցախի նախկին ղեկավարների գործոնն օգտագործելու է մինչև վերջ»,-հավելեց մեր զրուցակիցը՝ հղում կատարելով Ալիևի հայտնի հարցազրույցին, որը կարևորագույն խնդիր է լուծել։ 

Այն հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից և դա ներկայացնել որպես լուրջ հաղթանակ.

«Պատերազմի վտանգ ամեն պահի կա, ոչ մի երկիր դեմ չէ ու չի միջամտի, անգամ ԱՄՆ գործընկերային փաստաթուղթը չի օգնի, քանի որ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով, դրսում կորցրել է իր կշիռը։ Ալիևը սպասում է հարմար պահի, ամենայն հավանականությամբ՝ եղանակների փոփոխությանը»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան