Ք*ք սրտի մխիթարանք կամ մեր դարավոր սերը բարոյական հաղթանակների հանդեպ

Ք*ք սրտի մխիթարանք կամ մեր դարավոր սերը բարոյական հաղթանակների հանդեպ

Մենք սիրում ենք բարոյական հաղթանակներ տանել՝ ապրել ցեղասպանված, կոտրված, հանձնված, ստորացած, բայց բարոյապես հպարտ, իսկ վերջին տարիներին նաև դուխով։ Եւ բարոյական հաղթանակների հանդեպ մեր այդ աննկուն սերը գալիս է դեռ Վարդան Մամիկոնյանի թվերից՝ 451 թվականից, երբ Մամիկոնյանց տոհմից մի զորավար՝ Վարդան անունով, իր ձիով մխրճվեց պարսիկների հարբած փղերի մեջ, նրանց սրախողխող արեց, ու թեև ինքը զոհվեց, պարսիկներն էլ մեզնից շատ էին ու չպարտվեցին, բայց մենք տարանք բարոյական հաղթանակ։ 

Այդ օրվանից մենք սկսեցինք անբռնազբոս զգացմունք տածել բարոյական հաղթանակների հանդեպ՝ մեզ կոտորում էին, բայց մենք մնում էինք բարոյապես հաղթանակած, որովհետև մենք թույլ չէինք տալիս մեզ նաև բռնաբարել, մենք թույլ էինք տալիս միայն կոտորել։

Այս պատմափիլիսոփայական նախաբանը նրա համար էր, որ անդրադառնանք երեկվա մեր կերտած հաղթանակներին, բայց սպորտի բնագավառում։ Իհարկե, բոլորս ենք ուրախանում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կարող է թրենդի մեջ ընկած՝ ուրախանալ, որ մեր մարզիկները ոսկե մեդալներ են նվաճում երկամարտում, ծանրամարտում, ըմբշամարտում, բայց ոչ երբեք մարտի դաշտում։ Մեր հոգիները առանձնահատուկ են փառավորվում, երբ մեր մարզիկները օտարի հողում ջախջախում են հատկապես թուրք և ադրբեջանցի մարզիկներին ու հենց նրանց հետ մենամարտում տարած հաղթանակի շնորհիվ են նվաճում ոսկե մեդալ։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կարող է մի փոքր տխրել, որ իր ղեկավարած երկրի քաղաքացին տապալում է ադրբեջանցուն կամ թուրքին, որոնց հետ նա տենչում է խաղաղություն հաստատել, բայց մենք ազգովի, այդ փաստից առանձնահատուկ ոգևորություն ենք ապրում։ Ու եթե երեկ Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը տասներորդ անգամ էլ նվաճի ոսկե մեդալ ու դառնա չեմպիոն, մենք էլի նույն ոգևորությամբ տարածելու ենք նրա նկարները ֆեյսբուքում և հպարտանանք։

Ու ոչինչ, որ Արթուր Ալեքսանյանի, Մալխաս Ամոյանի, Գոռ Սահակյանի կամ մեր որևէ այլ դյուցազունի հերթական անգամ թուրքի կամ ադրբեջանցու զգետնելուց հետո հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճելու պահին այդ նույն թուրքերն ու ադրբեջանցիները մեր երկրի հերթական հողակտորը նվաճած կլինեն։ Բայց մենք, միևնույն է, ֆեյսբուքում կցնծանք հպարտությունից, թե ինչպես այս տանջված, կոտորված ու ցեղասպանված ազգի զավակները տապալեցին մեզանից անգամներով հզոր ու մեծ մեր թշնամի ազգերի ներկայացուցիչներին՝ բարձրացնելով հայկական դրոշը, որի գույները Նիկոլ Փաշինյանը գուցե արդեն փոխած կլինի՝ հենց Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով։ 

Ու նույնիսկ այն պահին, երբ մենք այլևս դրոշ ու զինանշան էլ չենք ունենա, քանզի պետություն էլ չենք ունենա, մենք դարձյալ կցնծանք և մեզ բարոյապես բավարարված կզգանք նրանից, որ մեր մարզիկները արդեն այլ երկրի դրոշի ներքո որևէ առաջնությունում դարձյալ գետնին կտապալեն սեփական դրոշի ներքո հանդես եկող որևէ ադրբեջանցի կամ թուրք մարզիկի։ Ադրբեջանը, գրավելով ու նվաճելով, եկել-մոտեցել է արդեն մայրաքաղաք Երևանի մատույցներին (դեռ հայտարարությունների մակարդակում, բայց բոլորս գիտենք, որ երբ ձեռքը չես բռնում, խոսքից գործի անցնելը չափազանց արագ է տեղի ունենում) ու արդեն Երևանի վրա է ատամ կրճտացնում, իսկ մենք «հորթի հրճվանքով» ուրախանում ենք մեր մարզիկների՝ մարզագորգի վրա կերտած հաղթանակներով։ Մենք էլ մեզ սրանով ենք մխիթարում, փաստորեն։ Սա ժողովրդական լեզվով կոչվում է «ք*ք սրտի մխիթարանք»։

Իսկ ինչո՞ւ ենք մենք այդքան շատ սիրում ուրախանալ հենց բարոյական հաղթանակներով։ Որովհետև այդպես ավելի հեշտ է՝ դա մեզանից բավարար կամք, միասնություն, խելք և ուժ չի պահանջում, մինչդեռ իրական պատերազմում իրական թշնամուդ հաղթելու համար այս ամենը անհրաժեշտ է, գումարած դրան՝ դավաճանների և խեղճ ու կրակ պարտվողական կերպարների բացակայությունն է պարտադիր։ Այս երկուսը մեզ մոտ, ցավոք, դեռևս հակառակն է։  

Եվ մեկ բան էլ. վերոգրյալը ամենևին չի նշանակում, թե տողերի հեղինակը չի ուրախանում մեր մարզիկների տարած հաղթանակներով և չի շնորհավորում մեզ և նրանց այդ կապակցությամբ: Ասածը բոլորովին այլ կոնտեքստում է...

Վահե Մակարյան