Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Հայաստան» դաշինքը ողջ ռեսուրսով աջակցելու է շարժմանը, Ո՞րն է լինելու հաջորդ քայլը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր:

Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պետք է ունենա։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնա ծռերից», Ավետիք Չալաբյանը, Սուրեն Պետրոսյանը եւ այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն: Ասել է, որ դետալների մասին չի խոսելու՝ հաշվի առնելով, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչ-որ գործողություն թելադրել: Բացի այդ, ըստ մեր աղբյուրի՝ առաջին օրվանից նա նման զգուշավորություն է դրսեւորում՝ խուսափելով արտահոսքերից։ Ներկայացրել է, որ հունիսի 12-ը վճռական օր է լինելու, ուստի ինքը պետք է հասկանա՝ բացի աջակցության, սատարման մասին հայտարարություններից, գործնականում ով ինչպես կարող է աջակցել շարժմանը, քանի որ մարդկանց թիվն էականորեն փոխելու է իրավիճակը։ Ակնկալվում է, որ 30 հազար մարդ կհավաքվի խորհրդարանի դիմաց՝ 15.00-ից սկսած։

Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք։ Ի դեպ, իշխանական թիմում այս օրերին ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարավոր սցենարների վերաբերյալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթե 30 հազար մարդ հավաքվի ԱԺ-ի դիմաց, կգրոհեն շենքի վրա, իսկ այս դեպքում իրավապահները «պարտավոր են գործողություններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զենք:

«Իրավունք» թերթը գրում է.

«Չնայած զանգվածային հականիկոլական տրամադրություններին, արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Սրբազան շարժումն» ակնկալվող արդյունքներին չի բերում: Ինչո՞ւ, քաղաքագետ Հայկ Սահակյանը նման կարծիք հայտնեց.

«Այս շարժումը հաջողելու հնարավորություն ուներ, եթե շարժման վարչապետի թեկնածու չընտրեին Բագրատ սրբազանին, որովհետեւ նա խոցելի է իր կարգավիճակով։ Այո՛, նա կարող էր համախմբող դերակատարում ստանձնել, բայց լիդերը պետք է լիներ ոչ հոգեւոր տիտղոսակիր:

Էլի եմ ասում, պատմության մեջ եղել են նման դեպքեր, բայց դա մեր քաղաքական ավանդույթների տրամաբանության մեջ հիմա չի տեղավորվում, ու Սրբազանն էլ այդ մարդը չէ: Եթե գոնե չունենար այդ երկքաղաքացիության խնդիրը, միգուցե այդ հարցը կարողանար լուծել:

Բայց ո՞նց եք պատկերացնում` երկքաղաքացին վարչապետի թեկնածու, դա ուղիղ Սահմանադրության ոտնահարում է։ Մինչեւ Սրբազանի այդ հայտարարությունը, ես ասում էի, որ պոտենցիալ տեսնում եմ, բայց այդ հայտարարությունից հետո, որ ինքն է վարչապետի թեկնածուն, շարժումը գնալու է ձախողման: Որովհետեւ շատ լավ գիտեն, որ կա Սահմանադրության հետ խնդիր, եւ այդ խնդիրը չեն լուծել»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջեւ են կանգնած: Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։

Կառավարության մեր աղբյուրները մատնանշում են, որ, դիցուք, ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնելու, ուստի տեղեկացրել են՝ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով»:

Send