Այո՛, մենք սխալ ենք արել․ Փաշինյան

Մենք արձանագրել ենք, որ ՀՀ իշխանությունը 1995-2018 թվականներին հետևողականորեն քայքայել է պետության հիմունքները։ Այդ մասին այսօր ՔՊ վեցերորդ համագումարին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենք հետո են պարզել, որ նույնիսկ իրենք, բոլոր ջանքերով հանդերձ, այլևս ի վիճակի չեն վերականգնել այդ ամենը։

«Երբ մեզ քննադատում են, դրա ընթացքում ենթատեքստեր են հնչում, թե Ալիևը հույսը կտրել է, որ բանակցային ճանապարհով կկարողանա հասնել նրան, ինչ ուզում է, այդ պատճառով պատերազմ տեղի ունեցավ։ Սա ի՞նչ է նշանակում, որ ՀՀ իշխանությունները մի գիծ են տարել՝ Ադրբեջանին շարունակաբար հույս տալու, թե իրենք կհասնեն իրենց ուզածին առանց պատերազմի»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ դա կարելի է անել մինչև 20 անգամ, բայց, ի վերջո, պետք է ավարտ ունենա։

«Եվ 2018 թվականի ապրիլին, ՀՀ վարչապետի աթոռը ստանձնած անձը վերջ դրեց այդ ամենին»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ իր ջանքերն ուղղված են եղել ԼՂ-ին բանակցող կողմի կարգավիճակ տալուն, բայց պարզվել է, որ այս ամենը այլևս դուրս է ՀՀ վերահսկողությունից։

«Մենք շուրջ երեսուն տարվա բանակցություններում կորցրել էինք վերահսկողություն ԼՂ-ի վերաբերյալ։ Եվ, այո՛, եթե մենք սխալ ենք արել, այդ սխալն այն է, որ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին։ Բայց այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ խնդրի համատեքստում, այլ նաև այն պատճառով, որ հասկացել ենք՝ դրանով կկորցնենք ինքնիշխանությունն ու պետականությունը։ Հասկացել ենք, որ գուցե ԼՂ հարցն այդքանով չի սահմանափակվում»,- նշեց նա։

Փաշինյանը նկատեց՝ իրենց համար ՀՀ պետականությունն ու ինքնիշխանությունը առաջնային են, որը իրենք չեն զիջելու։