ԱԺ բացօթյա սրճարանը երկու տարի է՝ չեն կարողանում բացել (տեսանյութ)
Ազգային ժողովի աշխատակազմը դեռ «գրեթե նախկինների» թվերից՝ 2022 թվականից, ԱԺ բակում բացօթյա սրճարան է կառուցում, բայց երկու տարի է՝ չի ավարտում։ Ի դեպ, ԱԺ-ում չեն ուզում, որ բացօթյա սրճարան ասենք, ասում են՝ դա ընդամենը բացօթյա ճաշարան է։
Երևի այդպիսով ուզում են մեղմել պատգամավորների համար՝ ԱԺ տարածքում ժամանց ապահովելու ֆոնը, որ ցույց տան՝ սա սոսկ սնվելու վայր է, ոչ թե ծառերի մեջ, զով միջավայրում սուրճ կամ կոկտեյլ վայելելու տեղ։
Բայց քանի որ այն ավելի շատ հենց սրճարանի կոնցեպտով է, ապա մենք, ԱԺ աշխատակազմի «թույլտվությամբ», հենց այդպես էլ կանվանենք այն՝ բացօթյա սրճարան։
Ու այդ սրճարանը երկու տարի է՝ չեն կարողանում կառուցել։ Ամեն տարի ասում են՝ այս տարի կանեն բացումն ու չեն կատարում խոստումը։ Խնդիրը, իրականում, ԱԺ աշխատակազմի կողմից շինարարական, ապա նաև կահ-կարասիի ձեռքբերման աշխատանքների, մրցույթների ոչ պրոֆեսիոնալ կազմակերպման մեջ է, դրա համար էլ մինչև հիմա մի փոքրիկ սրճարանի կառուցումը չեն կարողանում ավարտին հասցնել։
Անցյալ տարի հազիվ հասցրեցին հողային աշխատանքներն իրականացնել, այս տարի տարածքը սալիկապատել են, խոտ ցանել տարածքում, բայց դեռ սեղան-աթոռ չեն բերել, աման-չաման՝ նույնպես, բարը չկա, խոհանոցը և այսպես շարունակ։ Պատճառը, ինչպես նշեցինք, այս պարզ հարցում պրոֆեսիոնալ կերպով մրցույթներ հայտարարելու և գնում կազմակերպելու անկարողությունն է։
Այսօր MediaHub-ը հետաքրքրվեց ԱԺ լրատվական ծառայությունից, թե ե՞րբ է, վերջապես, բացվելու ԱԺ սրճարանը, որն իրենք ճաշարան են անվանում։ Լրատվականից մեզ ասացին՝ այս ամռանը նախատեսվում է բացումը, ամեն ինչ գրեթե պատրաստ է, մնում է կահ-կարասին բերեն։
Ի դեպ, հատկանշական է, որ անցյալ տարի այս թեմայով ԱԺ աշխատակազմից սրճարանի կառուցման որոշումը բացատրել էին հետևյալ կերպ․ «Ազգային ժողովի ճաշարանի ընդլայնման վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ճաշարանը փոքր է, իսկ օգտվողները շատ են, հատկապես՝ ընդմիջման ժամերին»։
Նկատենք, սակայն, որ ԱԺ ճաշարանը մոտ մեկ տարի առաջ էր նորոգվել ու նորովի վերաբացվել, և պատգամավորները շատ հանգիստ օգտվում են դրանից։ Եւ եթե ԱԺ աշխատակազմը կարծում է, թե ճաշարանը փոքր է, պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը չեն տեղավորվում այնտեղ, ապա ստացվում է՝ երկու տարի է «խեղճ» պատգամարվորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները «իրար գլխի լցված», խցկված են ճաշարանում ընդմիջում անում, տեղ չկա նստելու, ու երևի մի մասը սոված էլ է մնում։ Թեև բնավ այդպես չէ, մենք գոնե, երբ մտել ենք ճաշարան, միշտ ազատ սեղաններ եղել են անգամ պիկ ժամերին։
Ի դեպ, արդեն ամառ է, և կարող էին գոնե հունիսի 1-ից բացել ԱԺ սրճարան-ճաշարանը, որ պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները գոնե հասցնեին վայելել ամռան ամիսները նորաբաց սրճարանում։ Բայց դատելով ԱԺ աշխատակազմի «գերարդյունավետ» աշխատանքից և տված պատասխաններից՝ հույս չկա, որ այս տարի էլ կբացվի։
Վահե Մակարյան