Արարատ Միրզոյանը չի ընդհատի այցը Նյու Յորք

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի ընդհատի այցը Նյու Յորք և կշարունակի հանդիպումները: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե պայմանավորված Արցախում ստեղծված իրավիճակով ԱԳ նախարարը մտադիր է շարունակել այցը, թե կվերադառնա Հայաստան:
«Նախարարը կշարունակի այցը՝ ներկայացնելով իրավիճակը գործընկերներին»:
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Անի Բադալյանն արձագանքեց.
«Նախատեսվում են մի շարք հանդիպումներ»:
Ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, որ Նյու Յորքում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սակայն Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ, որ մեկնարկեց այսօր կեսօրից հետո, հնարավոր է պատճառ հանդիսանա նման հանդիպումը չեղարկելու համար:
Հիշեցնենք, Միրզոյանը մասնակցում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումներին: