Վահագն Ալեքսանյանն ու Տիգրան Աբրահամյանը պատասխանել են միմյանց

Վահագն Ալեքսանյանն ու Տիգրան Աբրահամյանը պատասխանել են միմյանց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն պատասխանել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն։ Վերջինս էլ արձագանքել է Ալեքսանյանի պատասխանին։

««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, թե ներկայիս իշխանությունը 2018-ին խրախուսում էր զինվորականների փողոց դուրս գալը՝ էժանագին սուտ է։

2018 թվականի ապրիլի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.-

«Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին»։

Ի ուրախություն Հայաստանի քաղաքացիների ու ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել, էնպես որ հորդորում եմ դադարեցնել հերթական ստի արշավը»,- հայտարարել է Վահագն Ալեքսանյանը։

«ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս և նշել, որ իրենք 2018-ին, կուսակցական հայտարարությամբ կոչ էին արել զինծառայողներին՝ վերադառնալու իրենց նշանակման վայր:

Վերոնշյալով ՔՊ-ում համարում են, որ իրենք չեն ողջունել զինծառայողների քայլը: Սա մոտավորապես այն իրավիճակին է նման, երբ նույն ՔՊ ղեկավարը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դրանից 3 տարի հետո, ուղիղ տեքստով, հայտարարում, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Կամ թե ինչպես էին նույն ՔՊ-ականները Աղդամն իրենց հայրենիքը հայտարարում, իսկ դրանից մի քանի տարի անց, նմանատիպ վստահությամբ խոսում են Արցախի ադրբեջանական լինելու մասին:

Ասածս այն է, որ մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում:

Ի դեպ, եթե դուք ժամանակին դա չխրախուսեիք ու իրապես վտանգավոր համարեիք, ապա դրան համարժեք քայլեր կձեռնարկեիք, իսկ այսօր էլ խոսելու կամ գրելու առիթ չէր լինի:

Անպատժելիությունն, ըստ էության, նաև խրախուսում է: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ եմ ասում և ինչ նկատի ունեմ:

Եթե 2018-ին խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների քայլը գործող օրենսդրությանը հակասող էիք համարում, անվտանգության սպառնալիք, ապա այդ ժամանակ իրավական գնահատական կհնչեր, գործընթաց կլիներ:

Իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց, պատասխանատուներին նոր պաշտոններ բաժանելով»,- պատասխանել է Տիգրան Աբրահամյանը: