«Հրապարակ» թերթը գրում է․
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է 2026 թ. մայիսին։Դեռևս հուլիսի 15-ին Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Սրանից շաբաթներ անց, օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության կառավարության փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մասնավորապես` պետական գույքի կառավարման կոմիտեի, ներկայացուցչության շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռեւս 1997 թվականին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ՝ այդ շենքը որպես նվիրատվություն տվել են ԼՂՀ կառավարությանը, իսկ մշտական ներկայացուցչությունը` որպես դիվանագիտական ներկայացուցչություն, ենթակա չէ գրանցման ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
Արցախցիների մոտ կասկածներ կան, որ ՀՀ իշխանությունները միտումնավոր չեն արագացնում շենքը արցախցիներից խլելու գործընթացը, հավանաբար սպասում են Ալիեւի հերթական սրացումներին, որը կփորձեն մեղմել` շենքը խլելու շոուով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանությունները չեն նահանջում եկեղեցու եւ Կաթողիկոսի հարցում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ մեկ հարց դարձած ՔՊ-ի նոր վարչության ընտրություններով: Ըստ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի «Աստվածաշունչ կարդացածներով» ձեւավորվելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ քահանա Ասատրյանի «հալածանքի» առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ Կաթողիկոսի գահին հասցնելու:
Տեր Արամին ողջ իշխանական թեւը հալածյալ է համարում «նախկինների» կողմից, ու նրան ամեն կերպ փայփայում են՝ առաջիկայում գործընթացներում ներառելու համար: Նա միակ եւ եզակի հոգեւորականն է, որ խախտում է հայ առաքելական սուրբ եկեղեցու կուռ միասնականությունը եւ քննադատում է հոգեւոր առաջնորդին»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով:
Հետեւաբար կյանքի մահվան հարց է դարձել ՔՊ վարչության ընտրություններին հնարավորինս շատ ձայն հավաքելը։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը, կարելի է ասել, չի ցանկանում տեսնել նոր վարչությունում:
Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին: Ասում են, որ առաջին շարքերում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։
Տիգրան Ավինյանի հարցում Փաշինյանը միշտ է զգուշավոր եղել` նա անհնազանդներից է: Իսկ Ալեն Սիմոնյանի հարցում ՔՊ-ականները դժվարանում են ասել, թե ինչով է առաջնորդի ոչ բարեհաճությանն արժանացել, չէ որ անմնացորդ ծառայել է նրան։