Փաշինյանի խաբելուց մինչև «ԿԳԲ-ի պադվալ»․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանի խաբելուց մինչև «ԿԳԲ-ի պադվալ»․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Վերջինս նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր:

Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը եւս նախկինում եղել է պատգամավորի օգնական. Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր եւ այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ: Մեր տեղեկություններով՝ Մարիամ Պողոսյանը եւ Ռոման Տերտերյանը բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերություն էին անում, իսկ վերջերս արդեն նշանադրվել են:

Զույգը մտադիր է այս տարի ամուսնանալ, եւ երեկ արդեն միասին ծաղիկներ էին խոնարհում մարտի 1-ի զոհերի նորադիր արձանի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին:

Ստացվում է, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ նախկին պետ, ներկայումս անորակ հրթիռների գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց հետո գործը կհասնի պաշտպանության նախարարներին: Այստեղ հանձնաժողովում հարց է բարձրացվել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ է. հարց է հնչել՝ ինչպե՞ս պետք է լուծել նրան ԱԺ կանչելու հարցը:

Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ հանձնաժողովը կգնա «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ», թեեւ քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։

Նշենք՝ առաջիկայում «ԱԺ կանոնակարգ»-ում փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ական պատգամավորները որոշել են ամեն շաբաթ խորհրդարան կանչել նախարարներից կամ ուժային կառույցներից որեւէ մեկին՝ փակ քննարկման:

Այս ընթացքում խորհրդարան են եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երեկ էլ ԱԺ էր եկել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հնարավոր է՝ առաջիկայում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման գա նաեւ Արարատ Միրզոյանը:
ՔՊ-ական պատգամավորներին «հրահանգվել է» մեկ մարդու պես գալ ու ներկա լինել այդ բոլոր հանդիպումներին:

Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներին թեեւ «հույժ գաղտնի» հարցեր չեն քննարկվում, բայց ՔՊ-ականները փորձում են ամեն կերպ փակ պահել հանդիպման մանրամասները:

Այս հանդիպումները տեղի են ունենում հիմնականում հարցուպատասխանի ձեւով. իշխող ֆրակցիայի պատգամավորները հարցեր են ուղղում նախարարներին, երբեմն նաեւ «ուղղորդումներ» են տալիս:

«Փաստ» օրաթերթը գրում է

Այդպիսի արտահայտություն կա՝ «դիվանագիտական լեզու»: Սովորաբար «դիվանագիտական լեզուն» գործածվում է քաղաքական հարաբերությունների «բարձրագույն լիգայում», բարձրաստիճան դիվանագետների քննարկումներում, հայտարարություններում, ասուլիսներում: Մյուս կողմից՝ երբ բարձրաստիճան դիվանագետներն սկսում են զգացմունքային բառեր ու արտահայտություններ գործածել, պետք է հասկանալ, որ բանը բանից անցել է կամ առնվազն բանը բուրդ է: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս այցելել էր Բաքու, որտեղ հանդիպեց Ալիևի հետ, ապա իր ադրբեջանական գործընկերոջ հետ ասուլիսվեց:

Եվ ահա, այդ ասուլիսում Լավրովին ուղիղ հարց են տալիս, թե նա ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Լավրովն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ «Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»: Այո, խղճին է թողնում: Փաշինյանի... Իսկ հետո էլ Լավրովը բավականին երկար խոսեց այն մասին, որ Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդներն են տարածաշրջանի համար վտանգ ներկայացնում, և որ իրենք տեսնում են, թե «ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը...», և այլն, և այլն (կարդացած կլինեք):

Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել Լավրովի ոչ այնքան դիվանագիտական, որքան՝ հրապարակախոսական հռետորաբանությունից: Նախ՝ «ռազմավարական դաշնակից» համարվող Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասել են վատացման կրիտիկական կետի, չնայած Կրեմլը հանդուրժում է Փաշինյանի ռեժիմը միայն այն բանի համար, որ ունի ինչ-ինչ եռակողմ պայմանավորվածություններ, որոնց իրականացումը, կարծում է, տարածաշրջանում իրենց ինչ-որ բան դեռ կարող է տալ: Երկրորդ՝ Ռուսաստանում ըստ արժանվույն կամ համարժեք են գնահատել Հայաստանի անվտանգությանն սպառնալու մասին Փաշինյանի հայտարարությունը:

Եվ եթե արդեն նրա խղճին են հղում անում, ապա կարելի է չկասկածել, որ հետևանքները կարող են բավականին անխիղճ լինել, բայց արդեն ոչ թե Փաշինյանի, այլ առհասարակ՝ Հայաստանի ու հայության համար: Երրորդ՝ Ռուսաստանը նախընտրում է խոսել կամ պայմանավորվել Հայաստանի ռազմավարական թշնամի Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ուղղակիորեն հայկական շահերին վերաբերող հարցերում: Իսկ ո՞ւր է Հայաստանը: Իսկ Հայաստանը այդ քննարկումներում ընդամենը սեղանին դրված օբյեկտ է, որն ով ինչպես ուզում, այնպես էլ կտրում-կարկատում է: Ի դեպ, Լավրովը միայն Բաքու գնաց, Երևան չեկավ:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախում ռուս խաղաղապահների շտաբում երեկ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումն է կայացել: Ի տարբերություն նախորդների, երեկ նաեւ լուսանկար տարածվեց։

Տեսանք, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։ Վերջինս Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն անունով վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։

Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունը լուծարվել է։ Մարտիրոսյանն ադրբեջանցիների հետ բանակցություններին մասնակցել է խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի միջնորդությամբ, ում հետ նա մտերիմ հարաբերություններ ունի: Նախ՝ ռուսական բանակում են միասին ծառայել, դրանից բացի, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է։

Վերջինս որոնողական աշխատանքներին  ակտիվ մասնակցություն է ունեցել` ռուս խաղաղապահների հետ, ու այդպիսով ավելի սերտացել է նրանց կապը։ Նկատենք, որ երեկվա հանդիպմանը արցախյան բանակցողների շարքերում երրորդ անձ էլ կար, լուսանկարում, սակայն, նրա թեւի մի փոքր մասն է երեւում: Արցախյան աղբյուրները չեն բացառում, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կաշենի հանքի սեփականատերը։ Իսկ Ադրբեջանը Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին էր ուղարկել, ով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ծնվել է Մարտակերտում, սովորել է Շուշիի դպրոցում։

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում է ներառված Ազգային անվտանգության ծառայությանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում հողատարածք տրամադրելու հարցը։ Խոսքը 1 մլն 121 հազար դրամ կադաստրային արժեքով, 1.2 հա մակերեսով հողատարածքի մասին է։

Ներկայում այդ հողամասը համարվում է պետության սեփականությունը, սակայն պետական որեւէ մարմնի ամրակցված չէ։ Թե կոնկրետ ինչի համար է հողատարածքը տրամադրվում Ազգային անվտանգության ծառայությանը, նախագծում չի նշվում։ Կառավարության որոշման նախագծի հեղինակն ԱԱԾ-ն է, որպես հիմնավորում նշում են, որ հողատարածքն ԱԱԾ-ին պետք է «իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»։

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան  օրակարգից։ Երեկ ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում, որին ընդդիմադիրները կրկին չէին մասնակցում, ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող։

Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի ճակատագրից, ավելի կոնկրետ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների ճակատագրից, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ մեր ուղարկած տարբերակին Ադրբեջանը դեռ չի արձագանքել։

Փոխարենը` շուրջ մեկուկես ժամ քննարկել են ժողովրդագրական, ոստիկանական բարեփոխումների, կրթական, առողջապահական ոլորտի հարցեր, մինչեւ անգամ աղջիկ երեխաների աբորտն արգելելու հարցերը:

«Հրապարակ» թերթը գրում է.

Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներում դժգոհություններ են հասունացել: Նախարարության եւ «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում այդ կառույցներում դասախոսություններ են կարդում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325՝ «կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» բանաձեւի վերաբերյալ։ Նման դասախոսություն են կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների համար, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար եւ այլուր։

1325 բանաձեւն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական եւ բանակցային գործընթացներում, կարեւորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության եւ խաղաղության հաստատման կարեւորագույն երաշխիք: Սակայն դասախոսություններում ոչ այնքան կանանց դերի մասին են խոսում, որքան՝ խաղաղության: Մեզ ահազանգած զինվորականները տարակուսում էին, որ ՊՆ գերատեսչություններում խաղաղություն են քարոզում, փոխանակ պատերազմի պատրաստվեն եւ զինվորական գործ քարոզեն: Այս իշխանությունների` պետության հանդեպ դավաճանությունը, ըստ զինվորականների, հասել է այնտեղ, որ անգամ զինծառայողներին են փորձում խաղաղության նարատիվը ներշնչել եւ հակապատերազմական քարոզչություն իրականացնել, փոխանակ բանակը համալրելու, զենք ներկրելու եւ ռեւանշի քարոզ տանելու։

Ի դեպ, «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նախկինների կադրերից է` տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կառավարությունը շարունակում է արտաքին անվտանգության ապահովումը համարել առանցքային մարտահրավեր: Այս մասին նաեւ նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.)՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում: 2022 թվականն ամփոփվել է 12,6% տնտեսական աճով: Զեկույցում ներկայացված են տվյալներ նաեւ սեպտեմբերյան ագրեսիայի մասին. ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող եւ քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

2021 եւ 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ Զեկույցի մեջ անվտանգության ապահովումը՝ որպես մարտահրավեր, ոչ մեկ անգամ է նշված: Սա նշանակում է, որ իշխանությունները եւս խոստովանում են, որ 2018 թվականից ի վեր չեն կարողանում ապահովել Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը, եւ սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում էր. «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

Փաստացի այսօր ոչ ոք չի ապրում ազատ, երջանիկ կամ անվտանգ Հայաստանում, այսինքն՝ այս խոստումը եւս չկատարվեց, գուցե՝ անհաղթահարելի երեւույթների հետեւանքով, բայց փաստը փաստ է:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արմեն Գեւորգյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է եւ ուղարկել առաջին ատյան` նոր քննության։ Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, հայց էր ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանից պահանջելով, որ վերջինիս պարտավորեցնի՝ զրպարտություն համարվող հայտարարությունները հրապարակավ հերքել։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գեւորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գեւորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»: Այս արտահայտությունների համար էլ Գեւորգյանը դիմել էր դատարան։

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների «շքախմբով» այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթանալու կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը: Քննարկմանը, Փաշինյանի բազմամարդ ուղեկցողներից բացի, մասնակցել է միայն կոմիտեի ղեկավար կազմը: Ինքնին սովորական այս «միջոցառման» հետ կապված, սակայն, հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել «Փաստին»:

Ի մասնավորի, հաշվետվության քննարկումից առաջ բոլոր նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին, զգուշացրել են, որ հեռախոս չպետք է ունենան, նախապես պետք է հանեն գոտիները, ժամացույց չպետք է կրեն: Եթե հեռախոսի պահը դեռ հասկանալի է, ապա գոտիների ու ժամացույցի արգելքը, մեղմ ասած, ապշեցրել է մասնակիցներին: Թե ինչի հետ է կապված այս «պրոտոկոլը», հասկանալի չէ:

Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով, նման «դրեսս-կոդ» է հայտարարվել նաև Քաղաքաշինության կոմիտեում, ուր ևս Փաշինյանն այցելել էր՝ ծանոթանալու հաշվետվությանը:

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես երևում է, Հայաստանում պարեկային ծառայության ստեղծումը «վարակիչ» ու ոգևորիչ է եղել այլ գերատեսչությունների համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում պարեկային ծառայություն է գործելու նաև անտառներում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս հերթական խորհրդակցությունն է անցկացվել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ, որի ժամանակ մանրամասն քննարկվել են գերատեսչության կառուցվածքում նշյալ ծառայության ձևավորման և ֆունկցիոնալության հետ կապված հարցեր:

Ըստ մեր տեղեկությունների, ՇՄՆ պարեկները ծառայություն են իրականացնելու անտառներում՝ առավել խիստ հսկողություն իրականացնելու ապօրինի ծառահատումների և բնության հանդեպ այլ իրավախախտումների առումով:

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս ինչ-որ հաճախակի են դարձել խոսակցություններն ու «զրիցները» առ այն, թե Ադրբեջանի հետ կարելի է «առուտուր անել», տնտեսական համագործակցության մեջ մտնել, ջուր տալ, հոսանք առնել և այդպես շարունակ: Նման «զրիցները» լիովին կանխատեսելի էին: Մարդիկ, ովքեր չեն կորցրել մտքի սթափությունն ու ազգային ինքնության գիտակցությունը, նման թեմաների շրջանառման հեռանկարը տեսնում էին՝ նկատելով ու հասկանալով, թե հատկապես ինչ ուղղվածության քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը:

Նրա հետ էլ՝ մերձնիկոլականները: Ու նաև պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ փոխշահավետ համագործակցելու մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմողները, կամ ավելի շուտ՝ ունկնդիրների ականջներից արիշտա կախողները փաշինյանական «գծի վրա» են, ավելին՝ վերջին տարիներին քողարկված կամ անթաքույց եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին կամ նրա իշխանության մերձակայքում: Հարց է ծագում. Ադրբեջանի հետ այդ համագործակցիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ: Հաշվի առնելով, թե ովքեր, ինչ շրջանակներ են այդ, թույլ տվեք ասել, համագործակցիզմ քարոզողները, հարցը հռետորական կարելի է համարել, քանզի պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ այդքան չսիրած «Կնքահայրը» գլուխգործոց-ֆիլմի դրվագներից մեկում արդեն «թոշակի անցած» դոն Կառլեոնեն որդուն՝ «ընտանիքի» կառավարումն ստանձնած Մայքլին ասում է, որ թշնամական ճամբարից, այսինքն՝ Բարզինիի կողմից ով գա հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, ով էլ որ նա լինի, հենց նա է դավաճանը: Հիմա «Բարզինիի կողմից» եկած ու թշնամական Ադրբեջանի հետ ինտեգրում քարոզողները բավականին ակներև զուգահեռվում են այդ դիտարկմանը: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե է՞լ ինչ պետք է անի Ալիևը, է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, որ նրանց նպատակը հայերի հետ «առուտուր անելը» կամ համագործակցելը չէ, որ նրանց պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայության բնաջնջումն է կամ Արցախի հայաթափումը, Հայաստանի՝ որպես պետության վերացումը, հողն ու ջուրը, տունուտեղը հայերից խլելը: Դու չես կարող ոչ միայն համագործակցել, այլևս չես կարող «խաղաղություն պայմանավորվել» մեկի հետ, որի նպատակը քեզ սպանելը, քեզ ոչնչացնելը, քեզ տնազրկելն ու անհայրենիք թափառական դարձնելն է վերջիվերջո:

Եվ մի բան էլ. «համագործակցիստները», դրա մասին երկար-բարակ խոսելով, միտումնավոր շրջանցում են թշնամու հետ փոխշահավետ «առուտուր անելու» մասին «զրիցների» հիմնական հանգամանքը, այն, որ այդ ամենը նշանակում է Արցախից մնացած բեկորներն ուղղակիորեն նետել Ադրբեջանի գիրկն ու Ալիևի ճանկը: Կարճ ասած՝ Արցախը «ոտով-գլխով» հանձնել Ադրբեջանին: Քավ լիցի, Հայաստանում թշնամու հետ համագործակցիստներից բացի, քաղաքական հարթակներում սթափ մարդիկ դեռ կան: Մոտեցումների ու գնահատականների հակադրությունը, հասկանալի է, անմիջապես աչքի է զարնում: Հատկապես ընդդիմադիր դաշտում ազգային մտածողությունը առկա է: Մասնավորապես կարելի է նշել օրերս «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված և բավականին ուժեղ ներկայացուցչականություն ունեցող «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում հրապարակված հայտարարությունը:

Հիմնական դրույթներից մեկը, որ ընդգծված էր այդ հայտարարության մեջ, կարծում ենք, միանգամայն լակոնիկ ու հստակ ցուցանում է առանցքային վտանգներից մեկը: Այն է. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը (տեղին է հավելել՝ ինչպես քարոզում են Նիկոլ Փաշինյանն ու «կոմպանիան»), այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը»: Մարդիկ պարզ ասում են՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։

Հասկանալի է նաև, որ նշյալ սպառնալիքի ու նշյալ արձանագրումների գիտակցումն առկա է ոչ միայն հիշատակված նախաձեռնության կամ շարժման, այլև փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերի մոտ, որոնք նմանապես չեն դադարում բարձրաձայնել այդ մասին: Սակայն հարցերի հարցն այն է, թե ինչ վերաբերմունք ունի և ինչ ռեակցիա է դրսևորում հանրությունն իր ամբողջության մեջ: Իսկ մյուս հարցն էլ այն է, թե ով, որ ուժը կամ ուժերի համախումբը երբ ու ինչ միջոցներով է մտադիր կենսական առանցքային խնդիրները բարձրացնել նաև քաղաքական պայքարի ավելի ակտիվ եղանակներով: Սա, թերևս, ամենադժվար հարցն է, որի քննությունը հանգեցնում է երկակի զգացողության կամ տպավորության. ակտիվ հանրությո՞ւնն է սպասում «առաջնորդող ուժերի», թե՞ հակառակը: Բայց դա արդեն այլ «պատմություն» է, թերևս՝ գրվելիք: