Արտակարգ իրավիճակ, շենքի բնակիչներն անձրևի պատճառով ստիպված են ճտքավոր կոշիկներով տեղաշարժվել․ Shamshyan

Արդեն մի քանի տարի Երևանի Րաֆֆու փողոցի 111/11 շենքի բնակիչները, որը նախկինում հանրակացարան է եղել, յուրաքանչյուր անձրևային եղանակի կամ ձնհալի ժամանակ ստիպված են լինում տանը և միջանցքներում քայլել ճտքավոր կոշիկներով, հակառակ դեպքում առաջացած ջրափոսերը թույլ չեն տալիս այլ կերպ տեղաշարժվել։
Հատկապես 4-րդ հարկի երկար միջանցքում մի քանի տեղ այնպիսի ջրափոսեր էին առաջացել, որ երևի մի քանի շաբաթ արևային եղանակ պետք է լինի, որպեսզի չորանան։
Այսօր՝ ապրիլի 25-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչները ասացին․
«Հորդառատ անձրևների ժամանակ անձրևաջրերը տանիքից լցվում են տները։ Անգամ եղել են դեպքեր, որ հոսանքի կարճ միացում է եղել ու հազիվ ենք հասցրել դուրս գալ ու անջատել հոսանքը։ Արդեն այնքան հիվանդություններ ենք ձեռք բերել այս խոնավության պատճառով, որ հաշիվ չկա, բայց մեկա՝ վերջը չի երևում։ Մալաթիայի թաղապետարանում ասում են՝ շենքը մերը չէ, կառավարությանն է ու չգիտենք՝ ինչքանով է դա այդպես։ Փաստացի 3-րդ կարգի վթարային շենքում ապրում ենք 100-ից ավելի բնակիչներով, ովքեր այլ տեղ չունեն ապրելու, հակառակ դեպքում մի րոպե այստեղ չէինք մնա։
Խնդրում ենք թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ ՀՀ Կառավարությանը, որ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, մենք էլ մարդ ենք ու իրավունք ունենք արժանապատիվ ապրենք, կամ գոնե մի փոքր անվտանգ, որովհետև եթե այսպես շարունակվի, շենքը մի օր կփլվի, կամ կարճ միացումների հետևանքով կրակի ճիրաններում կհայտնվի և այդ ժամանակ պարզ չի՝ ինչ հետևանքներ կլինեն»։
Վերջում բնակիչները կես կատակ, կես լուրջ ասում էին, որ անձրևների ժամանակ տարբերություն չկա՝ դրսում լինեն, թե տանը, բայց երբ դրսում անձրևը դադարում է, ներսում դեռ մի քանի օր պետք է, որ դադարի։