Ինչպե՞ս է ՔՊ-ն մեկնաբանում քաղաքական հակառակորդներին սոցցանցերում «սևացնելու» մասին լուրերը

Ինչպե՞ս է ՔՊ-ն մեկնաբանում քաղաքական հակառակորդներին սոցցանցերում «սևացնելու» մասին լուրերը

Երեկ փաստերի ստուգման հարթակը (fip.am) հրապարակում արեց, ըստ որի՝ անհայտ ծագման հազարավոր դոլարներ են ծախսվում Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար։ Ըստ հրապարակման՝ ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվներով արշավ է սկսվել քաղաքապետի թեկնածուներ Հայկ Մարությանի և Մանե Թանդիլյանի դեմ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի խոսնակ Հայկ Կոստանյանն այս լուրը մեկնաբանելիս նշել էր, որ ՔՊ նախընտրական հիմնադրամից գումարներ հատկացվում են բացառապես Տիգրան Ավինյանի ու ՔՊ կուսակցության պաշտոնական էջերում հրապարակվող նյութերի համար, մյուս էջերի համար, Կոստանյանի խոսքով, նախընտրական շտաբը պատասխանատու չէ։ Կոստանյանը խորհուրդ էր տվել դիմել հենց կուսակցությանը՝ պարզելու, թե ովքեր են այդ էջերի վրա ծախսվող գումարները հատկացնում։

MediaHub-ը դիմեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին (ՔՊ նախընտրական ցուցակի 7-րդ համարը, խմբ․), որը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է հրապարակմանը, բայց որևէ տեղեկություն չունի, թե ինչի մասին է խոսվում այնտեղ։ 

«Ես հերքում եմ այդ լուրերն այնքանով, որ տեղյակ չեմ այն ամենին, ինչ գրված է հրապարակման մեջ։ Ուզում եմ նշել, որ մեր կուսակցությունը քարոզարշավն իրականացնում է արդար ու թափանցիկ ճանապարհով»,- ասաց Գալջյանը։

Սակայն հասկանալի է, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի:

Նարե Գնունի