Այսօր Փաշինյանին հուզում է բացառապես իր իշխանությունը պահպանելու խնդիրը ու նա այդ խնդիրը լուծում է օտարի աջակցությամբ․ Լուսինե Ժամհարյան

Այսօր Փաշինյանին հուզում է բացառապես իր իշխանությունը պահպանելու խնդիրը ու նա այդ խնդիրը լուծում է օտարի աջակցությամբ․ Լուսինե Ժամհարյան

ՀՀ հասարակությանը վախեցնում են «միջազգային հանրություն» կոչվածի անունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության միջազգային համագործակցության գծով պատասխանատու Լուսինե Ժամհարյանը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ ԱԺ-ում։ Կենտրոնացավ հիմնականում ԼՂ խնդրի վրա, այս անգամ՝ հանդես գալով միջազգային կառույցների մունետիկի դերում` նախընտրելով վախեցնել մեր հասարակությանը՝ «միջազգային հանրություն» կոչվածի անունից։

Բայց կարելի էր այդքան երկար չխոսել, մանիպուլյացիայի ողջ զինանոցը գործի չդնել, որովհետև երկարաշունչ տեքստի մեսիջն արտահայտված էր Փաշինյանի երկու թեզում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնում է նշաձողը ու այլևս առաջնությունը տալիս է Արցախի ժողովրդի անվտանգությանը՝ կարգավիճակի փոխարեն։

Կարճ ասած՝ Փաշինյանը եկել էր խորհրդարան, որպեսզի «ավետեր», թե այլևս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքար Հայաստանի իշխանության օրակարգում չկա։

Ճակատագրի հեգնանք, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտարարում է մեկը, որն ընդամենը երկու տարի առաջ ասում էր հակառակը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Քաղաքական այս փոխակերպման վրա զարմանալ պետք չէ․ երկու տարի առաջ Փաշինյանին պետք էին բոլորիս ծափահարություններն ու լայքերը, նա «հեղափոխության» առաջնորդ էր։ Այսօր Փաշինյանին հուզում է բացառապես իր իշխանությունը պահպանելու խնդիրը ու նա այդ խնդիրը լուծում է օտարի աջակցությամբ՝ Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին։

Հ․Գ․ Ի դեպ, Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ Արցախ չհասան ու դա շատ խորհրդանշական իրադարձություն էր, որը պետք է ամրապնդեր Փաշինյանի հաջորդ օրվա ելույթի «գաղափարական» թեզերը։ Փաշինյանն Արցախը «հանձնել» է միջազգային բանակցություններում, Ալիևի հետ երկարատև զրույցներում, մտքում, գիտակցության մեջ և խորհրդարանական ելույթով։