ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարթակը համագործակցության բոլոր հնարավորությունները տալիս է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Բարձրաստիճան դիվանագետը մեկնաբանել է հունիսի 21-ին Ալմաթիում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին Հայաստանի չմասնակցելը:
«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է»,- ընդգծել է Գալուզինը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կանցկացվի հունիսի 21-ին Ղազախստանի նախագահությամբ։