Մակրոնը զրուցել է Թրամփի և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ։
«Եվրոպական մի քանի առաջնորդների հանդիպումից հետո ես պարզապես խոսեցի նախագահ Թրամփի, իսկ հետո... Զելենսկու հետ»,- գրել է Մակրոնը սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ եվրոպացիները, ամերիկացիները և ուկրաինացիները միասին կաշխատեն երկարաժամկետ խաղաղության համար՝ հավելելով, որ այդ նպատակով եվրոպացիները ցանկանում են արագացնել ինքնիշխանության, անվտանգության և մրցունակության վերաբերյալ իրենց օրակարգի իրականացումը։
Երկուշաբթի օրը Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում տեղի էր ունեցել մի քանի եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողով՝ քննարկելու Ուկրաինան և Եվրոպայում անվտանգությունը՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների բանակցությունների լույսի ներքո: Գագաթնաժողովին մասնակցել են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի ղեկավարները։ Ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Եվրոպական երկրների ղեկավարները քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ առանց Եվրոպայի մասնակցության բանակցություններ վարելու մտադրության վերաբերյալ հետագա քայլերը։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն նշել են, որ անհրաժեշտ է ավելացնել պաշտպանական ներդրումները, նաև Ուկրաինային տրամադրել հուսալի անվտանգության երաշխիքներ։