Ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու եմ ու պայքարեմ, իմ ամեն ինչը տալու եմ Արցախին: Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված համաժողովրդական հավաքի ընթացքում նշեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«20 տարի Արցախ եմ գալիս, վերջին 52 օրը պետնախարար եմ, վերջին 14 օրը գլխավորում եմ օպերատիվ շտաբը, ես իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունմ, որ այստեղ մարդիկ չնայած դժվարությունների՝ ընդունում են իրավիճակը, պատրաստ են պայքարի: Պետք է նոր իրադրություն ստեղծենք. երբ քեզ սեղմում են, կամ ուժեղանում ես, կամ հետ ես հրում, ուժ ես առաջադրում դիմացինիդ», - ընդգծեց Վարդանյանը:
Նա նկատեց, որ պատմությունը կրկնվում է, թեև 1988 թվականին Արցախում չի եղել, բայց հիմա այստեղ լինելով զգում է, որ ամեն բան նույնն է, նույն արդար պայքարն է:
«Շուտով կլրանա Արցախի արդար պայքարի 35 տարին, ամեն բան պետք է անենք, որ հաջորդ սերունդը հաղթանակած հայրենիք ժառանգի, ունենանք անկախ և երջանիկ Արցախ։ Հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները, կարողանալու ենք իրավիճակ փոխել, օրինակ դառնալ այլ պետությունների համար: Հարևան երկիրը, որ «էկոակտիվիսստներ» է ուղարկում, պետք է հասկանա, որ այդ իրենք պիտի մեզնից սովորեն, մենք ենք իրենց սովորեցնելու՝ ինչպես ապրել, իրենք չեն հասկանում՝ ում հետ են շփվում, չեն հասկանում, որ մեր ուժը նաև սրա մեջ է, որ կարող ենք անկաշկանդ հավաքվել հրապարակում, խոսել իրար հետ: Մեր ուժը մեր պետությունն է, մեր սահմանադրությունը, ազգային ժողովը, կառավարությունը, հասարակական կազմակերպությունները, աշխարհը պետք է տեսնի, որ մենք իսկապես դարձել ենք հանրություն, որ գիտենք՝ ինչ է ժողովրդավարությունը, ազատ խոսքը, մարդու իրավունքները»,- նշեց նա։
Ռուբեն Վարադանյանը կոչ արեց հանրությանը համբերատար լինել, հրաշքի ակնկալիքով չապրել՝ նշելով՝ սպասվում է ծանր ճանապարհ։
«Արցախն արմատն է հայկական աշխարհի, առանց չափազանցնելու Արցախն արմատ է նաև աշխարհի համար, մենք նոր արժեքների, վերածննդի օրինակ ենք դառնալու. ես 120 և ավելի երկրում եմ եղել, վստահորեն ասում եմ՝ չնայած դժվարություններին՝ Արցախն ամնենասքչանչելի տեղն է աշխարհում: Արցախի համար մեռնելը պատիվ է, ավելի մեծ պատիվ է Արցախում ապրելը»: