Առանց Սյունիքի հնարավոր չէ իրագործել Թուրքիայի «Մեծ Թուրան» ծրագիրը, դա իրենց հարյուրամյակների երազանքն է

Առանց Սյունիքի հնարավոր չէ իրագործել Թուրքիայի «Մեծ Թուրան» ծրագիրը, դա իրենց հարյուրամյակների երազանքն է

«Եթե իրենց ուզածը Սյունիքը չէ, ապա ինչո՞ւ են կրակում»,- հարցնում են սահմանամերձ Խնածախ գյուղի բնակիչները` MediaHub-ին պատմելով հանգստյան օրերի իրադրության մասին։ 

«Ժամերը փոխել են, հիմա արդեն կրակում են գիշերը ժամը 11-ից հետո։ Առավոտյան տղաս ասաց, որ սաղ գիշեր կրակել են։ Եթե հիմա ուշադիր զննենք ամբողջ գյուղը, բոլորի կտուրների վրա անցքեր կգտնենք։ Լինում են դեպքեր, որ հետո ենք նկատում, որ «կռիշի» վրա անցքեր կան, ու չգիտենք` դա ո՞ր օրվա կրակոցի հետևանք ա»,- ասում է խնածախցի մեր զրուցակիցը։ 

Չնայած այն բանի, որ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոսում են, թե «Խաղաղության համաձայնագրում» գոյություն չունի «Զանգեզուրի միջանցք» տերմինն ու տրամաբանությունը, Սյունիքում, հատկապես սահմանին մոտ գտնվող բնակավայրերում, անհանգիստ են։ Այն, ինչ կատարվել է Արցախում, նույնի կրկնությամբ կարող է լինել և Սյունիքում։

«Ոչինչ չի բացառվում։ Խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ամենօրյա կրակոցները մեզ հուշում են մի բան, որ պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին։ Ես վերլուծաբան չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, հողի գործ եմ անում։ Վարչապետն ասում է՝ խաղաղության ենք գնում, Ադրբեջանը դրան պատասխանում է  կրակով։ Ես չեմ, դուք եք, սա խաղաղության մասի՞ն է, թե՞ պատերազմի»,- ասում է նա։ 

Սյունիքում հոգնել են ադրբեջանական սադրանքներից ու Հայաստանի ղեկավարության կողմից՝ թուրքադրբեջանական շահերը պաշտպանող թեզերից։ Սյունեցի մեր հայրենակիցները հետևում են քաղաքական բոլոր գործընթացներին ու հանգել են այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է ձախողել։  

«Հայաստանի վարկանիշը տարիներ առաջ այլ էր։ Աշխարհը մեզ այլ կերպ էր ընկալում, ընդունում, մեզ հետ հաշվի նստում։ Հիմա արդեն ամեն ինչ փոխվել է։ Մեր երկիրը սահուն ձևով ղեկավարում են թշնամի պետության ղեկավարները։ Առանց Սյունիքի հնարավոր չէ իրագործել Թուրքիայի «Մեծ Թուրան» ծրագիրը, դա իրենց հարյուրամյակների երազանքն է, որը շուտով կիրականացվի ընդամենը մի ստորագրությամբ, եթե ոչ ռազմական ճանապարհով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան