Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն առաջադրել է իր թեկնածությունը երկրի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում. այդ մասին նա հայտնել է հեղինակային հոդվածում, որը հրապարակվել է The Daily Telegraph թերթում:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում մենք բախվում ենք ներքին լրջագույն մարտահրավերների: Մենք նաև արտերկրում ենք բախվում լրջագույն մարտահրավերների, որոնք գալիս են ագրեսիվ Ռուսաստանից և գնալով ավելի վճռական դարձող Չինաստանից», - գրել է նա:
«Հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար մնացել է 2 տարուց քիչ ժամանակ: Դա ծանր պայքար է լինելու, բայց այն կարելի է հաղթել՝ կատարելով բրիտանացիներին տված խոստումները: Ես առաջադրվում եմ, քանի որ կարող եմ առաջնորդել մարդկանց, պահել խոստումները և կոշտ որոշումներ կայացնել»:
Թրասը հայտարարել է, որ վարչապետության առաջին օրերին կնվազեցնի հարկերը ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար, որը պետք է մնա մրցունակ:
