ՔՊ-ի դրամահավաքին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, ՌԴ նախագահը պարզաբանումներ ունի ստանալու․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ի դրամահավաքին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, ՌԴ նախագահը պարզաբանումներ ունի ստանալու․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքը, և Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել իշխող կուսակցության համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խնդրել տալ նվիրատուների ցանկը։ Եւ, ահա, տեղեկացանք, որ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, իսկ ընդհանուր գումարը կազմել է 509 մլն 085 հազար 950 դրամ` գրեթե 1 մլն 255 հազար դոլար։

Ամենամեծ քանակի գումարը, որ փոխանցել է մեկ նվիրատուն, եղել է 2 մլն 500 հազար դրամը։ Այսքան գումար փոխանցողները 72 հոգի են։ Այսպիսով, ներկայացնում ենք, թե ովքեր են առավելագույն նվիրատվություն արած անձինք։

Չիլինգարյան Վիգեն Գրիգորիի՝ ՔՊ-ին 2մլն 500 հազար դրամ փոխանցածներից մեկն է: Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել վերջինիս դեմ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի ժամկետով։ Դատավոր Մեսրոպ Մակյանը կիրառել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին ազատել նշանակված պատժից։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։

«Փաստ» օրաթերթը գրում է. Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ դեմ արևմուտքի կիրառած սանկցիաների և տնտեսական առճակատման վերջին մեկ տարին, ըստ ԱՄՀ գնահատականի, ավարտվել է ՌԴ օգտին: Ինչ վերաբերում է արևմտյան և հատկապես եվրոպական տնտեսությանը, ապա այն սպասվածից շատ տուժեց իր իսկ կողմից կիրառված սանկցիաներից: Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոններից մեկը նշել էր, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ է ստանում էներգակիրների արտահանումից, քան մինչ դրանց ներդրումը։ Նախկինում արևմտյան շուկա արտահանվող էներգակիրների երկու երրորդը այժմ ուղղվում է դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ըստ Bloomberg-ի, հավանականությունը, որ առաջիկա 12 ամսում եվրոգոտու տնտեսությունը պատմական անկում կգրանցի, այժմ մոտենում է 50 %-ին (հիմա կազմում է 45 %): Մինչև ուկրաինական ճգնաժամը այդ հնարավորությունը կազմում էր 20 %, իսկ ամռանը անցկացված հետազոտության ժամանակ՝ 30 %։ Այն բանից հետո, ինչ Եվրոպան հրաժարվեց ՌԴ-ից ներկրվող էժան վառելիքից և Բելառուսից ներկրվող մատչելի կալիումից, եվրոպայում պարարտանյութի արտադրությունը պարզապես կանգ է առել, քանի որ նման արտադրությունը անշահավետ է դարձել գազի գնի պատճառով (ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 75 %-ը կազմում է գազի ինքնարժեքը):

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի որդեգրած սանկցիաների քաղաքականության զոհ է դարձել ավելի քան 50 արտադրություն, իսկ սա իր հերթին նշանակում է, որ արդեն 2024-ին եվրոպացիները խնդիրներ են ունենալու նաև բերք աճեցնելու հետ: Եվրոպայում ստեղծված այս իրավիճակն անգամ անվանում է ստացել՝ Եվրոպայի արդյունաբերական դեինդուստրիացիա։ Ուշագրավն այն է, որ այսքանից հետո սեփական սխալներից տուժող Արևմուտքը չի զլանում խորհուրդներ շռայլել Հայաստանին, որոնցից մեկն էլ վերաբերում է հակառուսական սանկցիաներին միանալուն: Հասկանալի է, որ Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր շահերը, իսկ որ Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական կոլապսի առջև, արևմտյան գործընկերներին այնքան էլ չի հետաքրքրում:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2024-ին ևս Հայաստանը ՌԴ-ից կշարունակի գազ գնել արտոնյալ գներով: Այս պահին ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիային գազը վաճառում է մոտավորապես 250 դոլարով, Իրանը Թուրքիային գազ է վաճառում 400 դոլարով, և եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով կամ իրանականով, ապա պետք է պատրաստ լինեն դրա համար վճարել եռակի կամ քառակի ավելի:

Եթե Հայաստանը դադարի ՌԴ-ից գազ գնել արտոնյալ պայմաններով, ապա դա ուղղակիորեն հարվածելու է բոլոր ոլորտներին՝ տրանսպորտային միջոցներին, գյուղատնտեսությանը, արտադրությանը, էլեկտրաէներգիայի գներին, որովհետև Հայաստանում էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրում են ջերմակայանները, որոնք աշխատում են Ռուսաստանից եկող գազով։ Այսինքն, գնի բարձրացումը կատաստրոֆիկ կերպով տարածվելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա, ինչն էլ կհանգեցնի բոլոր ապրանքների թանկացմանը: Տնտեսագետները համակարծիք են, որ ԵՏՄ-ից հրաժարվելու դեպքում Հայաստանը միայն գազամատակարարման համար տարեկան 360 մլն դոլար է ծախսելու, ինչը մեր երկրի համար հսկայական բեռ է լինելու: Հետևաբար, պատահական չեն տնտեսագետների ու այլ փորձագետների զգուշացումները, որ ուրիշի՝ տվյալ դեպքում Արևմուտքի սխալներից դաս քաղելով՝ պետք է զգոն լինենք եւ ամրապնդենք մեր էներգահամակարգի անվտանգության դիրքերը՝ առանց այն էլ մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին ևս մեկը չավելացնելու նպատակով։

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչ-ինչ, բայց «փիարվել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողանում է: Ճիշտ է, հետո պարզվում է, որ այդ ամենը սուտ էր, բայց «փիարային» արշավն իր գործն արած է լինում: Ամիսներ առաջ հատկապես իշխանական քարոզչամիջոցները դղրդացրին լրահոսը, թե՝ ահա՜, տեսե՜ք, տեսե՜ք, թե ինչ հզոր կառավարիչ է Փաշինյանը, նրա կառավարման օրոք Հայաստանն ավտոարտադրող երկիր է դարձել, «Սեպուհ-1» տեսակի կորեական մեքենաներ են հավաքվում Հայաստանում: Բայց երբ իրական տնտեսվարումը, իրական բիզնես հաշվարկները ստորադասվում են իշխանության «քարոզչական ծամոնին», դրանից ոչ մի լավ բան չի ստացվում:

Խնդրեմ. Այս օրերին լրահոսում ակտիվորեն շրջանառվեց ձեռնարկության սեփականատիրոջ պատմածների վրա հիմնված տեղեկությունը, որ «ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը»: Ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանի խոսքով, սպասում են հայ-ռուսական հարաբերությունների հստակեցմանը, քանի որ այդ մեքենաների շուկան Ռուսաստանը պիտի լիներ, իսկ հիմա, ինչպես հասկանալի է, Փաշինյանի իշխանության որդեգրած հակառուսական դիրքորոշման հետևանքով, անորոշ է, թե ինչ կլինի: Բայց վհատվել չարժե: Առաջարկում ենք դիտարկել «Բդեշխ-2» հեծանիվների արտադրություն սկսելու տարբերակը:

Պատկերացրեք այսպիսի տեսարան. մետրոյի «Աջափնյակ» կայարանից դուրս է գալիս «Սեպուհ-1» մակնիշի ավտոմեքենա, որի թափքի վերնամասում հարմարեցված են «Բդեշխ-2» հեծանիվներ, շուրջբոլորը սոսափում են 10 միլիոն ծառերը, իսկ այդ ամենը նկարահանվում ու տարածվում է Երկրի ուղեծիրն ակոսող հայկական արբանյակներից: Ի լրումն, պատմական պահի պատվին տրվող հրավառությունը ծափերով ու «Ռամը մեզ օգնական» բացականչություններով ողջունում են Հայաստանում հաստատված 5 միլիոն հնդիկներն ու այլ օտարազգիները: Միաժամանակ, այդ որոտընդոստ ծափողջույնների ներքո դուրս է գալիս հայկական արտադրության «Դուխով» կաբրիոլետ-վագոնը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն է՝ աշխարհի չեմպիոնի գավաթը գլխավերևում պահած… Ու հենց այդ պահին բոլոր բարձրադիր վայրերից կախվում է մի շքեղաշուք պաստառ՝ «Նիկոլ Փաշինյանը մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճն է» գրությամբ...