Դեռ նախորդ տարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով միջնորդություն եմ ներկայացրել․ պատասխան չկա․ փաստաբան

Դեռ նախորդ տարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով միջնորդություն եմ ներկայացրել․ պատասխան չկա․ փաստաբան

Դեռ նախորդ տարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին։ Դատախազությունից պատասխան չեմ ստացել, միջնորդությունը քննիչին է ուղարկվել, գործին կցվելու և լուծում գտնելու համար, բայց այդպես էլ պատասխան չենք ստացել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առևտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը։

«Միջնորդությունս մասնակի է քննարկվել, մասնակի է բավարարվել, փորձագետներին լրացուցիչ հարցեր են տրամադրվել, բայց այն հատվածը, որը վերաբերում էր շուկայի գործունեության դադարեցմանը՝ չի բավարարվել, կարծես թե, չի էլ քննարկվել»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ առևտրի կենտրոնում առկա խախտումները բավարար էին, որ շուկայի գործունեությունը գոնե ժամանակավորապես դադարեցվեր։ «Տեսչական մարմինը համապատասխան արձանագրություններն ուներ և այս դեպքում ցանկացած շուկա պետք է առնվազն 1 ամսով չշահագործվեր, մինչև ամբողջ խախտումները չվերանային, սակայն դրա փոխարեն մենք ունեինք մի պատկեր, երբ մեղավորներն իրենք էին մեղավորներ փնտրում»:

Հարցին, թե վերջին ողբերգական դեպքի պատճառ կարո՞ղ էր նաև հանդիսանալ այդ բացթողումները՝ վերջինս պատասխանեց՝ եթե հրդեհային անվտանգությունը համապատասխաներ ստանդարտներին, հավանական է, որ նման դեպքի ականատես չէինք լինի։ «Առաջացած հրդեհը կկանխվեր, չէ որ փոքր տեղից է հրդեհը բռնկվել ու զարգացել։ Այն խախտումները, որ հաճախ արձանագրվել են, հենց ուղղված են եղել հրդեհի առաջացման կանխմանը, մարմանը»։

Լիաննա Թորոսյան