Պետական որևէ մարմին անգամ հաղորդագրություն չտարածեց․ գյուղացիները, անկասկած, մեծ վնաս են կրելու․ Կառլեն Խաչատրյանը՝ Լարսի անցակետի փակ լինելու մասին

Պետական որևէ մարմին անգամ հաղորդագրություն չտարածեց․ գյուղացիները, անկասկած, մեծ վնաս են կրելու․ Կառլեն Խաչատրյանը՝ Լարսի անցակետի փակ լինելու մասին

Կառավարությունը մինչև այս արդեն պետք է քայլեր ձեռնարկեր․ Լարսն առաջին անգամ չի փակվում, վրացի մեր գործընկերների հետ պետք է բանակցեին, հարցին լուծում տային։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ խոսելով Լարսի անցակետի փակվելու և ՀՀ տնտեսությանը սպառնացող վտանգների մասին։

Հիշեցնենք, որ Վերին Լարս տանող ճանապարհին արտակարգ իրավիճակ է առաջացել։ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) փլուզում է եղել: Վնասված հատվածը 80 կմ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Խաչատրյանը նշեց, որ Լարսը Ռուսաստանի հետ ցամաքային միակ ճանապարհն է, իսկ Ռուսաստանը մեր արտահանման ընդհանուր կառուցվածքից 30 տոկոս մասնաբաժին ունի։ «Սա, ինչպես արտահանողների, այնպես էլ ներմուծողների համար ավելորդ խնդիրներ է հարուցելու։ Բայց, բնականաբար, ամենածանր ազդեցությունը գյուղատնտեսության ոլորտում կզգանք, որովհետև հիմա ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն է և գյուղացիներն ակնկալում էին, որ բեռնափոխադրող ընկերությունների հետ կարողանալու էին բերքի մի մասը ՌԴ արտահանել, հիմա ստացվում է՝ այդ ճանապարհն առնվազն առաջիկա երկու շաբաթների ընթացքում անանցանելի կլինի, իսկ սա ցույց է տալիս, որ տնտեսվարողը իրացման խնդիր է ունենալու։ Եթե անգամ այդ բերքն ինչ-որ եղանակով ներսում իրացվի, ամեն դեպքում, դա չի լինելու այն գնով, որով արտահանվելու էր․ գյուղացին կրկին ֆինանսապես ծանր դրությունում է հայտնվելու»։

Կառավարությունից ակնկալվող գործողությունների մասին տնտեսագետը նշեց, որ ղեկավար կազմը հաճախ է մոռանում նման խնդիրների մասին և լուծում այդպես էլ չի տրվում։ «Փաստը մնում է փաստ, որ ոչինչ չի ձեռնարկվել։ Պետությունն անհապաղ պետք է մի բան անի։ Հիմա անհայտ և հայտնի մարդիկ փորձում են այգեգործներին օգնել, ապրանքը գնել, որ չփչանա, բայց պետական որևէ մարմին անգամ հաղորդագրություն չտարածեց»,-ասաց նա։

Տնտեսագետն այս պահին թվեր չներկայացրեց, բայց նշեց, որ ծիրանի բերքն այս տարի բավականին առատ էր և գյուղացիներն, անկասկած, մեծ վնաս են կրելու։

Լիաննա Թորոսյան