Փաշինյանի երկչոտ պատասխանը Բայրամովին

Փաշինյանի երկչոտ պատասխանը Բայրամովին

Երեկ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։

«Փոխանցվել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք», - ասել է նա՝ նշելով, որ արձագանքը որոշակի ժամանակ է պահանջում։
Փաշինյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ. 

«Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, անկախ առերես հանդիպումներից՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, և դրանք միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում»։

Հայաստանի փաստացի վարչապետն, ըստ էության, հաստատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի պնդումն, այսպես ասած, առցանց դիվանագիտության վերաբերյալ:

Սակայն Փաշինյանն, ըստ էության, չի պատասխանել մի քանի հարցերի:

Արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցություններում հասել ենք մի հանգրվանի, որտեղ սկզբունքային համաձայնությունները կայացված են ու այժմ, այսպես կոչված, դետալային քննարկումների փուլում ենք: «Առցանց դիվանագիտությունն» արդյունավետ է միայն այդ պարագայում:

Օրինակ, Բայրամովը հայկական կողմին մեղադրում է բանակցային գործընթացը վիժեցնելու հարցում ու «առցանց դիվանագիտությունն» արդյունավետ չի համարում: Արդյո՞ք ճիշտ են

Ադրբեջանի ԱԳ նախարարի մեղադրանքները, ինչո՞ւ դրանք չեն արձագանքվում պաշտոնական Երևանի կողմից:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունը իրեն դուրս է դրել գործընթացից ու հիմա Մոսկվան ու Բաքուն «խմբագրում» են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները՝ այլ ռեժիմ նախատեսելով Լաչինի միջանցքի համար:

Վահրամ Բագրատյան