Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այրված մարմինների մեջ Պ․Աբազյանի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են փորձաքննության

Blog Image

Պավլիկ Աբազյանը մեկուկես տարվա զինծառայող էր, մայրը կարի արհեստանոցում էր աշխատում, հայրը՝ մասնավոր գործեր է անում, հիմնական աշխատանք չունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի վարչական ղեկավար Կարեն Ղալթաղչյանը:

«Պավլիկը մարզիկ էր, տարբեր մրցանակների էր արժանացել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, չի հասցրել դասի գնալ, տարել են բանակ: Աշխույժ, ակտիվ երեխա էր, դպրոցում լավ էր սովորում»,- նշեց Ղալթաղչյանը:

Նրա խոսքով՝ Պավլիկի ծնողներն ավելի վաղ են իմացել դեպքի մասին և գնացել դեպքի վայր, որտեղ էլ իմացել են, որ իրենց որդին ևս զոհվել է:

«Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության»,- ասաց Աչաջուրի ղեկավարը:

Ավելի վաղ, MediaHub.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Աչաջուր համայնքի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը՝ խոսելով Գեղարքունիքում զորամասի հրդեհի պատճառով զոհված Պավլիկ Աբազյանի մասին, ասել է․

«1,5 տարի է՝ ծառայում էր։ Շատ լավ երեխա էր, լավ էր ծառայում, սպորտսմեն էր։ Հայրն արդեն Մարտունու դիահերձարանում է, մայրն էլ է տեղյակ։ Շատ բան չգիտենք այս պահին, ես էլ եմ գնում հիմա այնտեղ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Send