Պատկերացրեք, թե ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել. Արմեն Աշոտյան

Պատկերացրեք, թե ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Մովսիսյանը նրան հարցրել է.

«Եթե Նիկոլին վռնդենք, ո՞նց ենք հաստատելու ստատուս-քվոն: Ի՞նչ ճանապարհով ենք ուղղելու իրավիճակը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«30 տարի տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխվեց 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո: Ավելին, ինձ իրավունք եմ վերապահում պնդելու, որ դրանից հետո որևէ ստատուս-քվո այլևս չկա, որովհետև իրավիճակը հետևողականորեն փոխվում է և վատթարանում հայ ժողովրդի համար:

Այսօր իրավիճակն ավելի վատն է, քան երեկ, իսկ վաղը էլ ավելի վատն է լինելու, քան այսօր: Նման բացասական իմաստով դինամիկ և շարունակական փոփոխությունները վկայում են այն մասին, որ առհասարակ ստատուս-քվո այլևս կամ դեռևս չկա:

Երբ խոսքը գնում է եղածը վերադարձնելու մասին, ապա եկեք ուղիղ խոսենք. այսօր մինչև «վերադարձնելը» ավելի սուր է և արդիական եղածը պահելու հարցը: Որքան ուշացնում ենք իշխանափոխությունը, այնքան ավելանում են մեր կորուստները: Հիմա պատկերացրեք, թե ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլը իշխանազրկվեր 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, կամ չվերընտրվեր 2021թ.-ի հունիսին, կամ հրաժարական տար 2022թ.-ի ցույցերի ժամանակ:

Այսօր Հայաստանում կան տարբեր ոլորտների հմուտ և փորձառու գործիչներ և մասնագետներ բոլոր անհրաժեշտ ուղղություններով միջոցներ ձեռնարկելու համար՝ պաշտպանականից մինչև դիվանագիտական, տեղեկատվականից մինչև տնտեսական: Ես կարող եմ ասել, որ առկա են իրավիճակը շտկելու արտաքին քաղաքական միջոցներ և քայլեր, անգամ ստեղծված միջավայրում, նույնիսկ Արցախի հարցով»: