Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ

Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է՝ քննարկել են իրավիճակը Կովկասում:
Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ընդունված որոշումները հայ գործընկերներին փոխանցելու համար:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը Mediahub.am-ին հայտնել է, որ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:
«Մենք կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց` ՀՀ կողմից միանալու հարցը»,- ասել է նա: