ՔՊ-ի ռեկորդային դրամահավաքը, Մակունցի հետ լարվածությունն ու Վճռաբեկ դատարանի նախագահի ունեցվածքը․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ի ռեկորդային դրամահավաքը, Մակունցի հետ լարվածությունն  ու Վճռաբեկ դատարանի նախագահի ունեցվածքը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում՝ եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ. նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ նրանց զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի:

Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է: ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ (առավել հայտնի ալրաղացի Լյովիկ) գործով քննությունը իրականացվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն մեկ տարվա ընթացքում ընդամենը 3 նիստ է կայացել: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ նիստը չի կայացել. կոլեգիալ կազմի դատավոր Ա. Բեկթաշյանի վատառողջ լինելն է եղել պատճառը, մյուս դեպքերում նախագահող դատավոր Ա. Նիկողոսյանի՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի՝ Ազգային ժողովում կայանալիք ընտրությանը հնարավոր մասնակցության, ինչպես նաեւ պաշտպանի կողմից դատական նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության պատճառով չի կայացել:

Ու մինչ նիստերը հետաձգվում են, ԱԺ նախկին պատգամավորը շարունակում է մնալ կալանքի տակ ԱԱԾ մեկուսարանում։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։ Նա կալանավորվել էր 2020 թվականի օգոստոսի 10-ին, եւ երեք տարի է արդեն՝ կալանքի տակ է»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է ամուսնու հետ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ Նա 2022 թվականին Արաբկիր վարչական շրջանում հողամաս է նվիրատվություն ստացել։ Ում կողմից է նվեր ստացել՝ չի նշել դատավորը: Նշենք, որ Թադեւոսյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 12 մլն, որոնք տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 742 հազար դրամ, 1 հազար 337 դոլար եւ 411 եվրո։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 44 մլն 360 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներ 54 մլն 036 հազար դրամ, որից 18 մլն 085 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Նա դասախոսում է Սլավոնական եւ Երեւանի պետական համալսարաններում՝ 704 հազար դրամ ստանալով: Թադեւոսյանը նման գումարների հետ միասին հիփոթեքով բնակարան եւ ավտոտնակ է հայտարարագրել՝ 34 մլն 891 հազար դրամ ընդհանուր արժեքով։ 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող միանվագ ծախսել է 23 մլն 500 դրամ։ Թադեւոսյանի ամուսինը՝ Վահագն Գրիգորյանը, ըստ կնոջ հայտարարագրի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետն է։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1մլն 200 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 28 մլն, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 283 հազար դրամ։ Հիշեցնենք նաեւ, որ Լիլիթ Թադեւոսյանը «Մարտի 1»-ի գործը քննող դատավորներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին 2008-ին համարում էր հանցագործ, ոչ թե քաղբանտարկյալ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է ծառայում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, շոկ առաջացավ: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությունում էլ են խիստ անակնկալի եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ Հրաչյա Սարգսյանին ՊՆ փոխնախարար նշանակելը նախարարությունում խոսակցություններ են եղել՝ ինչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ: Փաստացի, բացի զինծառայությունից, ոչ մի ընդհանրություն չունի նա բանակի հետ:

Քաղաքական իշխանությունները, որ այդպիսի շոկային որոշմամբ Սուրեն Պապիկյանին նշանակեցին նախարար, հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու։ Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարարներից մեկն է: Երբ նա քաղաքապետ էր աշխատում, նրա օրոք Երեւանի մետրոպոլիտենում ահռելի չարաշահումներ են եղել, որի առիթով քրգործ է հարուցվել: Չարաշահումները եղել են, ըստ տեղեկությունների, 2018-2021 թվականներին՝ Հայկ Մարությանի իշխանավարման օրոք։ ՊՎԾ-ն այդ լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։ Գուցե Մարությանից հետո իշխանության գալով՝ Հրաչյա Սարգսյանը չէր սպասում, որ Երեւանի քաղաքապետարանում իրավիճակն այդքան վատ է, գուցե նաեւ հենց այդ պատճառով էլ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց»։

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի ամբողջ օր ֆեյսբուքահայությունը զբաղված էր... Նիկոլ Փաշինյանի վերջին «հանճարեղ» նշանակումը բզկտելով: Չնայած, եթե ավելի ստույգ, ապա ոչ թե բզկտում էր նախկին մի քանի ամսական քաղաքապետ ու դրանից հետո մի քանի ամիս վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանին երկրի պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելը, այլ, բառի բուն իմաստով, «ղժժում էր» այդ նշանակման վրա: Էհ, բա հետո՞, սիրելի՛ հայրենակիցներ: Իսկապես ու լրջորեն անակնկալի եք եկե՞լ, թե՞ «պարապ վախտի խաղալիք» էիք գտել: Չէ, բայց իրոք. այդքան մեծ անակնկա՞լ էր Նիկոլ Փաշինյանի «գերտաղանդագույն» կադրային քաղաքականության հերթական «հանճարեղ» ու շլացուցիչ փայլատակումը:

Մի երկրում, որտեղ Սուրեն Պապիկյանը կարող է լինել պաշտպանության նախարար, Հրաչյա Սարգսյա՞նն ինչու չի կարող լինել նրա տեղակալը: Կամ՝ այս 5 տարվա ընթացքում Փաշինյանի այդ ո՞ր մի նշանակումն է պակաս «ղժժալի» եղել: Հապա մի նրա կառավարության կազմը նայեք, անուն առ անուն, կամ դեպուտատացանկը՝ «Քաղպայմանագրի»: Լավ, շատ անուններ չտանք՝ մեր ընթերցողների նյարդային համակարգը թանկ ենք գնահատում: Դրանից հետո դեռ այս վերջին նշանակման վրա զարմանալու տե՞ղ էր մնացել: Բայց ամենակարևորը նշենք. ուրեմն, Նիկոլ Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, պատերազմի տանել, պարտվել, հազարավոր զոհերի պատճառ դառնալ, նորից վերընտրվել, Արցախը հանձնել, ու մենք հանկարծ ու զարմանում կամ «զժժում» ենք նրա ինչ-որ նշանակման վրա՞:

Լո՞ւրջ: Պետությո՛ւնն է «շան ոտի տակ ընկած» վարի գնում, սա՛ է հարցը, ոչ թե այն, որ «թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից» հայտնի մոտեցմամբ հերթական որևէ նշանակումը: Եվ վերջապես. ի՞նչ կարևոր է, թե այս իշխանության օրոք ով որտեղ է նշանակվում, հասկանում է, չի հասկանում. նախ՝ այսպես թե այնպես բոլոր ոլորտները ավիրելու գիծը նորություն չէ, երկրորդ՝ միևնույնն է, մեկ մարդ է ամեն ինչ որոշում, մյուսները պարզապես «նիկոլներ» են, կատարողներ, անկախ նրանից՝ գլխավոր Նիկոլը ինչ կործանարար որոշում կկայացնի...

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ օրերս տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Ըստ պաշտոնական տեղեկատվության, թվով 987 նվիրատուի հանգանակության արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ: Թիվն, ինչ խոսք, տպավորիչ է հատկապես մի քաղաքական ուժի համար, որը ժամանակին ուրախ կլիներ յուրաքանչյուր 1000 դրամի համար: Հասկանալի է, որ այստեղ գործ ունենք իշխանական ուժի գործոնի և, ըստ այդմ, նվիրատուների մոտեցումների և «սկզբունքների» հետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ նվիրատուների մեջ զգալի թիվ են կազմել շինարարական կազմակերպությունները, ի մասնավորի՝ կառուցապատողները:Կա տեսակետ, որ նրանք փաստացի «մուծվել» են իշխանություններին «անխոչընդոտ» գործունեություն ծավալելու համար, ինչպես ժամանակին «մուծվում» էին, օրինակ՝ «Երևան» հիմնադրամին: Հետաքրքիր զուգադիպությամբ, շինթույլտվությունների գծով այս տարի Երևանի քաղաքապետարանը, կամ, ինչպես ընդունված է ասել, փոխքաղաքապետարանը շինթույլտվությունների մասով ռեկորդներ է սահմանում:

Ի մասնավորի, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն։ «Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը»,-գրել է նա։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում: Մասնավորաբար, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: Զուգահեռաբար կվերացվի Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձևով կնքելու իրավասությունը: Ըստ նախարարության, նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների և պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ավելի արդյունավետ եղանակով կկենսագործվեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված նպատակները, առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման և բացահայտման արդյունավետությունը:

Քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները (առք ու վաճառք, նվիրատվություն, վարձակալություն) ենթակա են նոտարական վավերացման, բացառությամբ, եթե դրանք կնքվում են Կառավարության կողմից սահմանված օրինակելի ձևերով, այդ դեպքում գործարքը կարող է կնքվել Կադաստրի կոմիտեում: Սակայն, ըստ նախարարության, օրենսդրական կարգավորումը նախատեսելիս հաշվի չեն առնվել գործարքի որոշ տեսակների առավել բարձր ռիսկայնությունը, հատկապես նվիրատվության գործարքների դեպքում առկա է առք ու վաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ:

Կադաստրի կոմիտեն չունի պարտավորություն և իրավասություն պարզելու պայմանագրի կողմի իրական կամքը, տրամադրելու խորհրդատվություն՝ ի տարբերություն նոտարի, որի վրա օրենքով դրված է պարտավորություն՝ նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու, նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին զգուշացնելու և այլնի վերաբերյալ: Այսինքն՝ նոտարն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ունի առավել լայն գործիքակազմ ապահովելու քաղաքացիների իրավական պաշտպանությունը, զերծ պահելու նրանց իրավական անտեղյակության հետևանքով այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են խախտել իրենց իսկ իրավունքները: Հաշվի առնելով սա, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է այդպիսի գործարքների վավերացման իրավասությունը տրամադրել բացառապես նոտարներին»: