Երեւանի կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի եւ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքերի հետնամասի բակերում ընդհանուր օգտագործման համար նախատեսված ավտոկայանատեղիները անօրինական վաճառվում են։
Փաստն արձանագրել է MediaHub-ի թղթակիցը։ Մեր նկարահանող խումը քաղաքացիների ահազանգով այցելել է հիշյալ հատված եւ արձանագրել, որ տարածքում տեղադրված կոշիկի վերանորոգման կետի սեփականատերը (տեսանյութում այդպես ներկայացավ) շենքերի հարակից հատվածներում դեղին շարժական երկաթյա սյուներ է տեղադրել եւ կայանելու իրավունքը վաճառում է ժամը 300 դրամով։
Տպավորություն ստեղծելու համար, որ այդ գործունեությունն օրինական է, հիշյալ անձը աշխատակցին տրամադրել է հատուկ տարբերանշաններով համազգեստ՝ ասես նա քաղաքապետարանի աշխատակից է։
Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակից հիշեցնող անձը, կայանատեղի փնտրող վարորդներին, բակերում տեղ չգտնելու դեպքում հրավիրում է բազմահարկ շենքի նկուղային հատված՝ 1 ժամը 300 դրամ վճարելու պայմանով։
Մոտ 30 րոպե շենքի նկուղում կանգնելուց հետո մեր լրագրողը պահանջեց տրամադրել կայանատեղիի օրինականությունը փաստող ՀԴՄ կտրոն։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տարածքում ենթադրաբար անօրինական գործունեություն ծավալող անձն իր աշխատակցի հետ միասին վիճում լրագրողի հետ՝ նշելով, որ դա իր պապական տարածքն է ու վճարումը կատարվում է կանխիկ եղանակով։
Հրավիրում ենք Երեւանի քաղաքապետարանի եւ Պետական եկամուտների կոմիտեի ուշադրությունն այս հրապարակման վրա։ Հավելենք նաև, որ սա եզակի դեպքը չէ, Երևանի կենտրոնում ապօրինի «պառկովկաների» բիզնեսը շարունակում է ծաղկել ու, ինչպես նկատում ենք, բավականին գնաճ է արձանագրել:
Մանրամասն՝ տեսանյութում