Աննա Հակոբյանի ոսկեղենը գողանալու համար մեղադրվողի ընտանիքը սպասում է դատարանի վճռին, որը ուշանում է

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կառավարական ամառանոցներից Նիկոլ Փաշինյանի ժամացույցների և օծանելիքի գողության դեպքով մինչ օրս որևէ էական առաջընթաց չկա։
Կասկածյալներին մեղադրանք առաջադրել են, կալանավորել են, բայց երկու տարուց ավելի է՝ դատական գործընթացը ձգձգվում է, և կալանավորները չգիտեն՝ ի վերջո ի՞նչ պատիժ է սպառնում իրենց, քանի՞ տարի են այդպես բանտարկված մնալու։
Փաշինյանի տան կողոպուտի դեպքով կալանավորված անձանցից Տիգրան Պետրոսյանի կինը՝ տիկին Արշալույսը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը երկու տարի է՝ կալանքի տակ է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է «նստած», ու մինչ օրս դատական ակտ չկա։
«2025 թվականի հունվար ամսին երկու տարին կլրանա, որ ամուսինս կալանքի տակ է, ու դեռ որոշում չի կայացվել։ Դատական նիստեր տեղի ունենում են, ուղղակի ամեն անգամ ինչ-որ պատրվակով ձգձգվում է, և վերջնական որոշում չի կայացվում»,- ասաց տիկին Արշալույսը։
Մեր հարցին՝ իր ամուսինը ընդունո՞ւմ է իրեն վերագրվող մեղադրանքը, կալանավորի կինն ասաց․ «Ճիշտն ասած՝ ես էդպես շատ ծանոթ չեմ, տեղյակ չեմ եղել, երբ իրեն եկել են տանելու, այդ ժամանակ եմ իմացել, շատ մանրամասնություններ չգիտեմ։ Գիտեմ, որ մտել է, ինչ-որ բան տեղի է ունեցել, բայց տեղյակ չեմ՝ կողոպուտ եղե՞լ է, թե՞ չի եղել»։
Նա նաև նշեց, որ ինքը երեք երեխա է մեծացնում, որդին անչափահաս է, և ինքն է փորձում հիմա աշխատանք գտնել, որ ընտանիքի հոգսերը հոգա։
«Վարձով ենք բնակվում, ես եմ աշխատում հիմա, ես էլ առողջական խնդիրներ ունեմ՝ երկու ամիս առաջ եմ վիրահատվել, հիմա տղաս է փորձում աշխատանք գտնել, որ օգնի ինձ։ Ես ուզում եմ, որ դատական որոշումը շուտ կայացվի, որ իմանամ՝ ինչքան ժամանակ ենք դեռ սպասելու»,- ասաց կալանավորված Տիգրան Պետրոսյանի կինը։
Հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի պաշտոնական տեղեկատվության, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, ձերբակալված անձանցից մեկը մեղադրվում է կառավարության կեցավայրից գողություն կատարելու մեջ: Նա մուտք է գործել վարչապետին հատկացված առանձնատուն, զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ պահարանից բացահայտ հափշտակել է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:
Դրանցից մեկը 551.000 դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» գրավատանը:
Վահե Մակարյան