Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ. Հայր Ասողիկ

Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ. Հայր Ասողիկ

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն քանի օր է՝ ձեզանից ոմանք գրում են և ասում՝ հնչեցրեք զանգերը, հոգևորականներդ առաջնորդեցեք ժողովրդին:
Պատասխանել եմ ոմանց անձնական հաղորդագրությամբ: Սակայն կարիք եղավ, ահա, նաև այսպես բաց իմ տեսակետն արտահայտելու:

Մեր սուրբ եկեղեցիների զանգերն ամեն օր հնչում են՝ կոչելով մեզ ընդհանրական աղոթքի, սակայն աղոթքը նաև առանձնական սխրանք է, ամեն մի հավատավոր հայորդի իր անձնական աղոթքով պետք է վարի հոգևոր կյանքի՝ հավատքի բարի պատերազմը:

Արդ, մեր կյանքի այս հորձանուտում, երբ չենք կարող մեր սահմանափակ գործողություններով իրավիճակ փոխել, լավագույն միջոցը ներազդելու և խնդիրների բարվոք լուծմանը նպաստելու՝ անձնական ու հավաքական աղոթքն է: Ազգի ու Հայրենիքի ցավը և գալիքի տեսլականը մեր սրտերում կրելով՝ եկեք, անհատապես և միասնաբար կանգնենք աղոթքի. մենակ կամ խումբ-խումբ գնանք և լցնենք մեր եկեղեցիները և սրտագինս աղոթենք, և անկեղծ, զորեղ խոսքի ուժն անպայմանորեն կիջեցնի Ամենազոր Աստծո օրհնությունն ու շնորհը՝ այլակերպելով ու պայծառակերպելով մեր ներկա կյանքը:

Հոգևորականն աստվածային իշխանություն ունի առաջնորդելու հոգիներին, նա Աստծո օծյալ սպասավորն է, նա վեր է ամեն տեսակ մարդկային դասակարգումներից: Ուստի, հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը: Եվս առավել, երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան:

Այս օրերին բազմիցս հնչել է Մայր Աթոռի բարձր ձայնն ուղղված ամեն մի հայի, ամեն մի ուժի, օրվա իշխանություններին: Այդ խոսքը հնչել է որպես խորը ապրում ու մեծ ցավ՝ փարատելու համար ներկա համազգային վերքերն ու վիշտը: Եվ մենք՝ հոգևորականներս, ամենուր ենք, որպեսզի մեր ներկայությամբ ազգի զավակների միջև սեր և համերաշխություն սերմանելով ու հաստատելով՝ արմատախիլ անենք չարիքն ու միասնական ջանքերով վերացնենք մեր գոյությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները:

Ֆիզիկական զանգերից առավել պետք է ղողանջեն մեր հոգու՝ ներաշխարհի զանգերը, որոնց թելերը զօր ու գիշեր շարժում են մեր հոգևոր հայրերը՝ իրենց աղոթքներով, քարոզներով, զրույցներով, այցերով և տարատեսակ հոգևոր այլ սպասավորություններով:

Արթնացեք, սիրելիներ, խոհեմությամբ ունկնդիր եղեք ձեր հոգիների անլռելի զանգակներին և նախանձախնդրությամբ գործեցեք վասն ներկայի և գալիքի: Յուրաքանչյուրից, ով ինչի կոչվել է՝ իր կոչմանը համապատասխան գործողություն պահանջեցեք»: