Արշակ Օրդուխանյանը չի վերցնի մանդատը․ ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

Այսօրվանից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության համաձայն՝ դադարեցվեցին ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները։
Հիշեցնենք, իրեն Նավակ ճոճող և Օմարի արծիվ հռչակած Գաբրիելյանը մանդատը վայր դրեց Գյումրիում տեսախցիկների առջև հարբած և անադեկվատ պահվածքից հետո։ Նրան, համաձայն ՔՊ նախընտրական ցուցակի, պետք է փոխարիներ ցուցակում 100-րդ համարի թեկնածուն՝ Արշակ Օրդուխանյանը, որը հիմնականում բիզնեսով է զբաղվում, ՔՊ-ին ու Փաշինյանին միացել է 2018 թվի «հեղափոխություն» կոչված չարաբաստիկ իրադարձությունների ժամանակ, իսկ արդեն իշխանափոխությունից հետո Հայկ Մարությանի կողմից պետք է նշանակվեր Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար, սակայն այդ օրերին նրա անձի շուրջ տարածված ինչ-ինչ տեղեկությունների պատճառով Մարությանը չի ցանկացել նրան նշանակել թաղապետ: Փոխարենը 2021 թվականի նոյեմբերին Օրդուխանյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ հիմնադիրն է, 2009 թվականին էլ Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաև գրավատուն է ունեցել և այլն։
Սակայն, MediaHub-ի տեղեկություններով, Արշակ Օրդուխանյանը, որը, ինչպես տեսնում ենք, բիզնեսում ակտիվ գործունեություն ծավալող անձ է, հրաժարվել է մանդատից՝ չցանկանալով իր գործերը թողնել ու գնալ մի տարով պատգամավոր աշխատել, այն էլ` այս տխրահռչակ խորհրդարանում, հավանաբար նաև Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նրան «գործուղել» ԱԺ։
MediaHub-ը փորձեց նաև նրանից մեկնաբանություն ստանալ, թե ինչո՞ւ չի ցանկանում վերցնել մանդատը, սակայն Արշակ Օրդուխանյանը, իմանալով, որ լրագրող է զանգահարել իրեն, հանկարծ հիշեց, որ մեքենայի ղեկին է, և հարմար չի խոսել։ Երբ հարցրինք, թե զանգին պատասխանելիս չգիտե՞ր, որ ղեկին է, և անհարմար է խոսելը, ու նո՞ր հիշեց այդ մասին, Օրդուխանյանն ասաց՝ «հարմար չի, ընդհանրապես չեմ ուզում խոսեմ, կներեք», և անջատեց հեռախոսը։
Օրդուխանյանից հետո հաջորդ համարի թեկնածուն Արտյոմ Մեհրաբյանն է, որը 2024 թվականի փետրվարին նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել: Մեզ ասացին` այժմ անգործ է, և հնարավոր է` վերցնի մանդատը: Իսկ եթե Մեհրաբյանն էլ հրաժարվի մանդատից, ապա կգա Էսթեր Այվազյանի հերթը, որի մասին առանձնապես որևէ բան հայտնի չէ՝ հանրությանն անհայտ դեմք է։
Վահե Մակարյան