Ե՞րբ է բրինձը դառնում թունավոր․ մանրամասներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
Կլիմայական փոփոխությունների պատճառով բրինձը սկսում է կուտակել մկնդեղ, ինչը վտանգում է միլիարդավոր մարդկանց առողջությունը՝ հատկապես Ասիայի զարգացող երկրներում, որտեղ բրինձը սննդակարգի հիմնական բաղադրիչն է։ Պատճառը ջերմաստիճանի և ածխաթթու գազի մակարդակի բարձրացումն է, որը փոխում է հողի քիմիական կազմը և ուժեղացնում է բույսերի կողմից մկնդեղի ներծծումը, հայտնում է «Էկոսֆերան»։
Մկնդեղը բնական տարր է, որն ունի ջրով ողողված բրնձի դաշտերում կուտակվելու հատկություն և հեշտությամբ ներթափանցում է հատիկների մեջ։ Նրա անօրգանական ձևը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես քաղցկեղածին և այն կարող է առաջացնել թոքերի, միզապարկի և մաշկի քաղցկեղ, ինչպես նաև սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ և զարգացման խանգարումներ երեխաների մոտ։
ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները տասը տարի շարունակ Չինաստանի չորս տարբեր շրջաններում ուսումնասիրել են բրնձի 28 տեսակներ։ Արդյունքները մտահոգիչ են նմուշների 90%-ում մկնդեղի մակարդակը բարձրացել է ջերմաստիճանի և CO₂-ի բարձրացմանը զուգահեռ։
Պատճառն ոչ միայն գլոբալ տաքացումն է։ Բրնձի դաշտերը հաճախ ջրով ողողվում են մոլախոտերի դեմ պայքարի նպատակով, ինչի հետևանքով ստեղծվում է թթվածնազուրկ միջավայր։ Դրանում ակտիվանում են անաէրոբ բակտերիաները, որոնք հողից մկնդեղ են ազատում։ Կլիմայի փոփոխությունը խորացնում է այս գործընթացը և բակտերիաները ավելի ակտիվ են ջերմ և ածխով հարուստ միջավայրում։ Պարադոքսն այն է, որ բրինձն հենց ինքնին համարվում է կլիմայական խնդիրների խոշոր աղբյուրներից մեկը։ Դրա մշակումն առաջացնում է մարդկային ծագման մեթանի արտանետումների մինչև 9%-ը՝ 4,5 անգամ ավելի, քան ամբողջ ավիացիան։ Միևնույն ժամանակ, բրնձի բերքատվությունը նվազում է՝ երաշտները, հեղեղումները և ծայրահեղ ջերմաստիճանները արդեն վնասում են արտադրությանը։
Եթե ոչինչ չփոխվի, միայն Ասիայում մինչև 2050 թվականը կանխատեսվում է մկնդեղով վարակված բրնձի օգտագործման հետևանքով քաղցկեղի մինչև 19 միլիոն նոր դեպք՝ հատկապես Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում և այլ բարձր սպառման երկրներում։ Անգամ շագանակագույն բրնձի անցումը չի լուծում խնդիրը, քանի որ այն ավելի շատ մկնդեղ է պարունակում, քան սպիտակը։