Կալանավորները պահվում են անմարդկային պայմաններում. ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հաճախակի այցելում է քրեակատարողական հիմնարկներ, որտեղ այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ է արձանագրել՝ կապված, հատկապես, շենքային պայմանների հետ։ ՄԻՊ-ի տարածած լուսանկարներից երևում է, որ կալանավորները բառացիորեն անմարդկային պայամններում են պահվում՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից։
MediaHub-ի հետ զրույցում Մանասյանը նշեց, որ ՔԿՀ-ների հետ կապված գրեթե ամենշաբաթյա ռեժիմով այցելություններ լինում են, բայց չասաց՝ կոնկրետ որ ՔԿՀ-ներ է այցելել։
«Խնդիրները բազմաթիվ են, առաջնահերթ խնդիրները, որ կուզենամ արձանագրել, կապված են շենքային բավարար պայմանների և դրա համատեքստում մարդկանց արժանապատվությանը համարժեք վերաբերմունք ցուցաբերելու հետ։ Բայց մենք նաև մի շարք դեպքեր ենք արձանագրում տարբեր երևույթների հետ կապված, այդ թվում մեր կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցում ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ տարատեսակ խնդիրների վերաբերյալ ենք խոսել, միջանձնային փոխհարաբերությունների, որոնք շատ դեպքերում նաև բռնության դեպքերի են հանգեցնում և այլն, սրանք խնդիրներ են, որոնք միանշանակորեն պետք է լուծվեն»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Նա, սակայն, չցանկացավ բացահայտել, թե վերջինը որ ՔԿՀ-ն է այցելել և ամենավատ պայմանները որտեղ են արձանագրել։ Նաև չասաց, թե եղե՞լ են բողոքներ կալանավորների կողմից, որ քրեական ենթամշակույթին հարող այլ կալանավորներ ստիպել են իրենց զբաղվել մոլեխաղերով, օրինակ, բայց ակնարկեց, որ ենթամշակույթին առնչվող խնդիրներ կան։
Մանասյանն անդրադարձավ նաև նրան, որ Դատապարտյալների հիվանդանոցի պացիենտներին սպասարկում է ռուսական արտադրության «Գազել» մակնիշի հնամաշ շտապօգնության մեքենա, որի մաիսն MediaHub-ը տեսանյութ և հոդված էր հրապարակել, և նշեց, որ սա ևս խնդիր է, խախտումն իրենց ուշադրության կենտրոնում է։
«Մենք բարձրացնում ենք այդ հարցը և ոչ միայն այդ հարցը, մենք խցային պայմաններից բացի նաև պարտադիր ուսումնասիրում ենք ոստիկանական ուղեկցող մեքենաների պայմանները, որոնք ինձ համար՝ որպես ՄԻՊ, շատ կարևոր է, որ այդ մեքենաների պայմանները ևս բավարար լինեն վատ վերաբերմունքի կանխարգելման չափանիշներին»,- ասաց տիկին Մանասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան