Բանա՞կ ա, թե՞ ինչ․ չծխող սպորտսմեն տղան դառնում է նարկոտիկ պատվիրող. հրդեհից զոհված Նարեկի մայր
Գեղարքունիքի մարզում գտնվող Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված տղաների գործով դատական նիստը շարունակվում է։ Զոհված տղաներից մեկի՝ Նարեկ Ավագյանի մայրն այսօր անդրադարձավ կացարանում գտնված ու ողջ մնացած զինծառայողներից մեկի՝ Լևոնի ցուցմունքին։
«Լևոնի ցուցմունքի ժամանակ մի քանի անգամ շեշտվեց Նարեկի անունը։ Առաջինը նարկոտիկի պատվերների հետ կապված Նարեկի անունը շոշափվեց։ Ինչևէ, Նարեկը սպորտսմեն է տասը տարեկանից, տարբեր եվրոպական երկրներում մրցումների է մասնակցել, երբեք չի ծխել։ Չգիտեմ՝ բանակ զորակոչվելուց հետո մեկ տարվա մեջ ինչ ա փոխվում, որ չծխող սպորտսմեն տղան դառնում ա նարկոտիկ պատվիրող։ Չգիտեմ՝ դա բանա՞կ ա, թե՞ ինչ ա։ Չնայած, նման սպաների դեպքում հնարավոր ա ամեն ինչ։ Ես հասկանում եմ, որ Լևոնը ուզել է ճշտմարտությունն ասել, բայց էդ ճշմարտությունը պիտի սկսվեր հենց իրենից, թե ում հետ է կոնֆլիկտ ունեցել։ Լևոն ջան, քեզնից սկսեիր։ Նարեկն անձնական որևէ խնդիր ոչ ոքի հետ չի ունեցել։ Ոչ մի սպայի ու ընկերոջ հետ Նարեկն անձնական խնդիր չի ունեցել»,- ասաց զոհվածի մայրը։
Նա նշեց, որ մաքուր տղաների անունն ինչ-որ հարցերի մեջ շոշափելն անպարկեշտություն է։