Իշխանությունները մշտապես մանիպուլացնում են հանրությանը՝ ձևավորելով սխալ պատկերացում, որ ընտրությունները պայմանավորված են միայն քվեարկության օրով, ու երբ այդ օրը որևէ աղաղակող ու տեսանելի ընտրախախտում տեղի չի ունենում, ապա այն ներկայացնում են որպես արդար ու թափանցիկ, հռչակում «ժողովրդավարության» հերթական «ամրագրում» ու կրկին պատասխանատվությունը փաթաթում են ժողովրդի վզին՝ տոնելով պյուռոսյան հաղթանակ։
Մինչդեռ ընտրական գործընթացը պայմանավորված է ոչ միայն քվեարկությամբ, այլև նախընտրական ու հետընտրական փուլերով։ Այլ խոսքով, ընտրությունը մի քանի փուլից բաղկացած համալիր ամբողջություն է, ու քվեարկությունն այդ շղթայի մի օղակն է։ Քվեարկությունն ընդամենն ամփոփիչ օրն է ընտրական պրոցեսի, ու շատ հաճախ խախտումները տեղի են ունենում նախքան ընտրողը կգնա ընտրատեղամաս, ինչին էլ ականատես ենք լինում Վաղարշապատ խոշորացված համայնքում։
Դեռևս ընդամենը մեկ օր է, ինչ մեկնարկել է Վաղարշապատում արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, սակայն ՔՊ-ն արդեն իսկ թույլ է տվել երկու աղաղակող ընտրախախտում, որի համար նախատեսված է քրեական ու քաղաքական պատասխանատվություն։ Առաջինը՝ Դողս գյուղում կազմակերպված ընտրակաշառքն է։ Խնդիրը միայն բացված սեղանն ու հյուրասիրությունը չէ, այլ նաև բաժանվող նվերները, հատկապես, որ դա տեղի է ունենում ՔՊ նախընտրական ցուցակի ավագանու անդամների ձեռքով ու ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի ծափահարությունների ներքո։ Ի՞նչ տարբերություն ընտրակաշառքը կիրականացվի շենքերի բակում ու սեղանների առջև, թե՞ կբաժանվի տներով՝ ծրարների տեսքով։ Խորշո՞ւմ է Նիկոլ Փաշինյանն ըտրակաշառքներից, բնականաբար՝ ոչ։ Ընդ որում, ասածս մերկապարանոց հայտարարություն չէ։ Շատերը գուցե մոռացել են, հետևաբար հարկ է հիշեցնել, որ դեռևս 2017 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի անդամ էր, մասնակցելով Երևանի քաղաքապետի ընտրություններին կոչ էր անում երևանցիներին ընտրել իրենց, իսկ ընտրություններից հետո գալ քաղաքապետարան ու ստանալ իրենց գումարները, մի պայմանով, եթե իրենք հաղթեն այդ ընտրություններում։ Այսինքն՝ դեռևս այն ժամանակ այսօր արդեն իշխանության եղածները մարդկանց խոստանում էին ընտրակաշառք՝ ընտրվելուց հետո։
Եթե մի քաղաքական ուժ, չունենալով ֆինանսական ու վարչական ռեսուրսներ, քաղաքացիներին խոստանում է ընտրակաշառք ընտրություններից հետո, ապա ինչո՞ւ չպետք է այն բաժանի, երբ արդեն տիրապետում է հսկայական լծակների, հատկապես եթե գոյություն չունի որևէ սահման, որն անցած չլինեն։
Հաջորդ խախտումը վարչական ռեսուրսի անթաքույց կիրառումն է, երբ Վաղարշապատի քաղաքապետարանի աշխատակիցներն անմիջականորեն ներգրավված լինելով քարոզարշավին, փակցնում են ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի բաներները Էջմիածնի շենքերի վրա։ Սա էլի եմ շեշտում, որ դեռևս արձանագրված երկու իրավախախտում է, մինչդեռ քարոզարշավը մեկնարկել է ընդամենը երեկ։
Իրավապահ մարմինները կտա՞ն որևէ ընթացք այս իրավախախտումներին, կհարուցե՞ն քրեական գործ, այլևս կարևոր չէ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի այլևս իրավապահ համակարգ, կա մի մեծ ժանդարմերիա, որի ողջ գործառույթը Նիկոլ Փաշինյանին պաշտպանելն է։ ՔՊ-ն հանդես կգա՞ քաղաքական դատապարտող հայտարարությամբ իրենց թեկնածուի գործողությունների հետ կապված, իհարկե՝ ոչ, որովհետև նրանք բոլորը կրում են նույն արժեհամակարգը։ Հետևաբար այս ամենն ուղղված է ոչ թե իրավապահներին ու ՔՊ-ականներին, այլ վաղարշապատցիներին։
Մեր հոգևոր մայրաքաղաքի, համայն հայության հոգևոր կենտրոնի բնակիչները, վստահ եմ, որ թույլ չեն տա ոմանց, որպեսզի իրենց նայեն բարձրությունից ու հուսան, որ ինչ-որ բացված սեղաններով, ինչ-որ բաժանվող նվերներով կարող են իրենցից խլել իրենց ընտրական իրավունքը, իրենց կամքն ու իրենց հայրենիքը, որովհետև եթե ՔՊ-ն Վաղարշապատում հասնի պյուռոսյան հաղթանակի, մենք այլևս չենք ունենա Սուրբ Էջմիածին, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ այլևս չենք ունենա հայրենիք։
Կարեն Կարապետյան
