Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նոր շարք է սկսել իր սոցիալական հարթակներում։ Սա քաղաքացիների զգալի հատվածի մոտ տարակուսանք է առաջացնում, շատերի համար անընդունելի է, թե ինչպե՞ս երկրի ղեկավարը կարող է նման տեսանյութեր նկարել և առավել ևս հրապարակել, և այս մասին բարձրաձայնում են նաև օտարազգի բլոգերներ, որոնց լրահոսում են Փաշինյանի սրտիկներն ու անհասկանալի ժպիտները պարբերաբար հայտնվում: Փաշինյանի հրապարակումների տակ մեկնաբանությունները հենց այդ մասին են:
Ինչի՞ մասին է Փաշինյանի «սրտիկային» տրամադրությունը, ինչո՞ւ նա նորից հիշեց, որ «սիրում է» բոլորին, արդյո՞ք շուտով ականատեսը կլինենք նաև «հպարտանում եմ ձեզնով»-ի վերադարձի՞ն։ MediaHub-ը զրուցեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ում կարծիքով Նիկոլ Փաշինյանն արդեն փրփուրներից է կախվում։
«Ինքը հիմա կամայական բան օգտագործում է ինչ-որ աուդիտորիա իր շուրջը պահելու համար, շատ լավ հասկանալով, որ ինտելեկտուալ աուդիտորիան կորցրել է և հիմա փորձում է տիկ-տոկյան մակարդակում որևէ խնդիր լուծել: Այս սրտիկները, շանսոնները և այլն, այդ հիմար բաները անելով նա ցույց է տալիս, թե, իբր, աշխատանքի է գնում։ Եթե նույն բանը անեմ ես, ապա իմ դեպքում զավեշտալի կդառնա, բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում դա զավեշտալի չի»,-նշեց հոգեբանը։
Նրա խոսքով, սա կարող է վատ անդրադառնալ և ազդել Հայաստանի կարգավիճակի վրա միջազգային հարթակներում։
«Մենք վերջին 8 տարին բացի իջնելուց ուրիշ բան արե՞լ ենք, միայն իջել ենք։ Իր ամեն ինչն է իջեցնում Հայաստանի վարկանիշը՝ անթրաշ վիճակները, ուտելը, ձեռքերը վրան մաքրելը ու մի շարք այլ բաներ: Կուլտուրայի կանոններ կան, որոնց այս մարդը մասնակից չի»,- հավելեց Մադաթյանը։
Էմմա Մարտիրոսյան