Կեսգիշերին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «քավորությամբ» Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց փաստաթուղթ, որն ըստ նախնական հայտարարությունների` սկիզբ կդնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությանը։ Ավելին, 35 տարվա պատերազմական գործողություններին վերջ դնելուն միտված հստակ և կարևոր քայլ անելու համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ պատրաստվում են երկու երկրների անունից Դոնալդ Թրամփին ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։
Իհարկե, ամբողջապես պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվել, բոլոր կետերը հանրությանը ներկայացված չեն, բայց այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն ներկայացրեց, թե ինչի տակ է դրել իր ստորագրությունը։ Եթե ընդհանրական ներկայացնենք, ապա կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելով՝ կարողանալու են միմյանց տարածքով բեռների փոխադրում իրականացնել։ Յուրաքանչյուր երկիր իր տարածքում ապահովելու է մյուս երկրից եկող տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը։
«Այսօր տեղի ունեցածը պատմական իրադարձություն է։ Ես ամիսներ շարունակ ասում էի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Եվ հիմա ասում եմ, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Ես համոզված եմ, որ այսօրվա հռչակագրով Հայաստանն ապաշրջափակվում է, սա մի դարակազմիկ իրադարձություն է։ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու աշխարհի հետ, Հայաստանով անցնելու են գազամուղներ, նավթամուղներ, տասնյակ միլիարդների ապրանքներ են անցնելու աշխարհի տարբեր երկրներից։ Սա միլիարդների օգուտ է բերելու ՀՀ-ին։ Ես ասում էի, որ եթե մեր անվտանգության ապահովման առաջին, երկրորդ ու երրորդ գործիքը բանակն է, ուրեմն մենք չունենք անվտանգություն։ Ես խոսում էի մեր անվտանգությունը նոր կոմպոնենտներով հարստացնելու մասին, և հիմա մենք ունենք այդ նոր կոմպոնենտը։ Մենք դժոխքի միջով ենք անցել, և ես հույս ունեմ, որ հիմա տեղի կունենա բոլոր քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։
Արդյո՞ք հիմա հանգիստ խղճով կարող ենք ասել, որ Հայաստանն այսուհետ պատերազմներ չի տեսնելու, այդքան սպասված խաղաղությունն իրո՞ք արդեն իրականություն է, արդյո՞ք ամեն ինչ սահուն կընթանա, թե, այնուամենայնիվ, ռիսկեր կան. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
«Ըստ էության, կոնկրետ որևէ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, և Հայաստանը ոչինչ չի ստացել, իսկ ահա Ադրբեջանը ստացել է այն, ինչ ուզում էր՝ սահմանադրության փոփոխություն, անխոչընդոտ ճանապարհի բացման խոստում, թեև հասկանալի չէ, թե այդ ամենն ինչ մեխանիզմներով է լինելու։ Արցախցիների վերադարձի հարց չկա, գերիների վերադարձի հարց գոյություն չունի, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման մասին որևէ խոսք չկա։ Այսինքն՝ բոլոր այն կետերն են կյանքի կոչվում, որոնք Ադրբեջանը պահանջել է։ Եվ միակ խոստումն այն է, որ պատերազմը կհետաձգվի»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ այստեղ նաև ռեգիոնալ լարվածության խնդիր կարող է առաջանալ. ԱՄՆ-ն գալու է Իրանի հետ սահմանին հայտնվի, ինչը Իրանին ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու միտում ունի։ Հիմա էդ երկրներն ինչպես դրան կարձագանքեն, գրեթե պարզ է, քանի որ սա աշխարհաքաղաքական պայքար է, ու պետությունների դիրքորոշումը պարզ է։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն հայտարարություն տարածել է՝ նշելով, որ մտահոգություն է հայտնվում ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, ցանկացած ձևով և ցանկացած միջոցով, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որը կարող է խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու հաստատուն կայունությունը։
«Ըստ էության, Հայաստանն ու Սյունիքը դարձել են աշխարհաքաղաքական լարվածության կենտրոն։ Մի երկիր, որտեղ ռուսական ռազմաբազա է գործում, խոսվում է հարևան Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգի մասին, հայտնվում են ամերիկյան ինչ-որ ընկերություններ, որոնք չգիտենք՝ ինչ ռազմական պոտենցիալ են ունենալու։ Այսինքն՝ վերածվում ենք երկրորդ Սիրիայի, այնտեղ էլ են տարբեր երկրների զորամիավորումներ։ Ու հիմա Հայաստանը դառնում է տարբեր աշխարհաքաղաքական միավորների բախման միջավայր»,- նշեց քաղաքագետը։
Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ այս փաստաթղթով Հայաստանի մի հատվածը Նիկոլ Փաշինյանն ուղղակի դարձրել է վիճելի տարածք, ու հիմա իր հեքիաթները կարող են հասարակության որոշակի հատվածի միայն համոզել, թե խաղաղություն է լինելու։
«Հայաստանի սուվերենությունն է իջեցվում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ տրված խոստումներն իրականության հետ աղերս չունեն։
Նարե Գնունի