90-ամյա Ալբերտ Սարգսյանը մեծ գերդաստան ունի՝ 2 որդի, 3 դուստր, թոռներ, ծոռներ։ Զավակներն աշխարհի տարբեր երկրներում են ապրում։ Արցախից բռնագաղթելուց հետո տեղափոխվել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։ Մոտ 9 տասնամյակ հայրենի Արցախում ապրած ուսուցիչը կյանքի մայրամուտը ստիպված է անցկացնել իր Արցախից ու հարազատներից հեռու։
Արցախում բանաստեղծություններ էր գրում. գիրք է հրատարակել։ Բռնագաղթի օրերին հասցրել է գրքերից մի քանի օրինակ վերցնել, մնացածը, նաև տունուտեղը, ունեցվածքը, ծնողների, հարազատների գերեզմանները թողել է Արցախում ու իր բնութագրմամբ՝ «զոռափախ» եղել Հայրենիքից։
Հիմա էլ է գրում՝ իր անդարմանելի կարոտի, անբուժելի ցավի՝ Արցախի մասին։
