«Բանակից փախչելու մարմնավորում» Վահան Կոստանյանն ու Հովակիմյանի չծառայած որդիները

«Բանակից փախչելու մարմնավորում» Վահան Կոստանյանն ու Հովակիմյանի չծառայած որդիները

Վահագն Հովակիմյանի երկու որդիները չեն ծառայել բանակում, հիմա դա արդա՞ր է, ազնի՞վ է։ Այդ մասին MediaHub-ի «Քաղաքական կուլիսներում» ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները գումարի դիմաց ազատվում են քրեական հետապնդումից և կարող են ընդհանրապես չծառայել։ 

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ այս նախագծից որևէ մեկը չի օգտվելու, քանի որ այս նախագծով քաղաքացին էլի տուգանքի մատերիալ է։

«Տասնյակ հազարավոր դոլարներ են ակնկալում քաղաքացուց, որ քրեական հետապնդման չենթարկեն նրան, ավելին, Սփյուռքին պետք է ահազանգել, որ ՀՀ-ն երեք տասնամյակ Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության ջատագով է եղել, ու հիմա այդ նախագծով Սփյուռքին ասում են՝ հոպ, ընկեր, եթե մինչև 37 տարեկան ուզում ես դառնալ ՀՀ քաղաքացի, ապա պիտի փող տաս, ինչն ամենաահավորն է։ Նույնիսկ միգրացիոն ծառայության պետն է ասում, որ սա ճիշտ նախագիծ չէ»,- նշեց Մանուկյանը։

Դիտարկմանը, որ որքան էլ ընդդիմությունը հակափաստարկներ էր ներկայացնում, ՔՊ-ն հիշեցնում էր, որ նախկինների օրոք հարուստների երեխաները փողով ազատվում էին ծառայությունից, Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը բանակից փախչելու այս իշխանության մարմնացումն է։

«Երբ տարկետումը վերացավ նախկին իշխանությունների օրոք, փիլիսոփայությունն այն էր, որ բոլորը հավասար են ու պետք է գնան ծառայելու։ Համալսարանում ուսանողական շարժում սկսվեց, որի առաջամարտիկներից մեկը Վահան Կոստանյանն էր։ Իրենք ասում էին՝ հանուն գիտության է իրենց պայքարը, մեռնում էին Հայաստանում գիտությունը զարգացնելու համար։ Հետո եկան իշխանության, Կոստանյանը պետք է գնար բանակ, ավարտել էր ուսումը, շատ արագ նշանակվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական, հետո ասպիրանտուրա ընդունվելու համար դուրս եկավ աշխատանքից։ Նրա ասպիրանտուրա ընդունվելու համար նիշերի շեմն էլ իջեցրին, հազիվհազ նա ընդունվեց ասպիրանտուրա։ Նա պետք է մինիմումներ հանձներ, գիտական հոդվածներ գրեր, բայց ոչինչ չէր անում։ Այդ ընթացքում դարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, հետո արդեն ԱԳ նախարարությունում էր։ 2021-ի մայիսին ժամկետը լրանում էր, կա՛մ պիտի դիսերտացիա պաշտպաներ, կա՛մ՝ դուրս գար ասպիրանտուրայից։ Դուրս եկավ, պիտի բանակ գնար, այն էլ պարզվեց՝ հիվանդության պատճառով չի ծառայելու բանակում»,- ներկայացրեց Գեղամ Մանուկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ԿԸՀ նախահագ Վահագն Հովակիմյանի երկու որդիները ևս չեն ծառայել բանակում այս իշխանության օրոք։

«Ճոռոմ-ճոռոմ խոսում են։ Իրենց ֆրակցիայի կեսից շատը չի ծառայել, փողո՞վ են ազատվել։ Թող գնան Ոստիկանություն, ԱԱԾ հաղորդում տան՝ Գեղամ Մանուկյանին փողը տվել են, չեն ծառայել։ Եթե այդպես չէ, ուրեմն իրենց ազատվելն օրինական է եղել։ Իրենցը օրինական է, մյուսներինը՝ ո՞չ։ Վահագն Հովակիմյանի երկու տղաներն էլ էս իշխանության օրոք բանակում չեն ծառայել, արդա՞ր են ազատվել»,- հարց հնչեցրեց Մանուկյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ կարմիր գծեր կան, որ չի կարելի հատել։

Մանրամասները՝  տեսանյութում։