Նախկին կոլեգաներին չի բարեւում. «Հրապարակ»

Նախկին կոլեգաներին չի բարեւում. «Հրապարակ»

 «Հրապարակը» գրում է.

Իշխանության գալուց հետո բազմաթիվ նիկոլականներ, որոնք երբեւէ ո՛չ կոստյում էին հագել, ո՛չ փողկապ կապել, հանկարծ հայտնվեցին իշխանական կաբինետներում, կտրվեցին իրականությունից եւ այնքան մեծամտացան ու գոռոզացան, որ մոռացան իրենց անցյալն ու կենսագրությունը՝ սկսեցին վերեւից նայել անգամ նրանց, ում հետ աշխատել էին, ում շնորհիվ աշխատանք էին ունեցել եւ վաստակ, ում հետ մի կտոր հաց էին կիսել։ Այդ ՔՊ-ականներից շատերն այսօր անգամ բարեւ չեն տալիս նրանց, ում բարեհաճությանն արժանանալու համար նախկինում ամեն ջանք գործադրում էին։

Այդպիսիք շատ կան ՔՊ-ում, նրանցից մեկն էլ Վահագն Հովակիմյանն է՝ ԱԺ պատգամավորը, որն իրեն «սահմանադրագետ» է հռչակել։ Նա մինչ պատգամավոր դառնալը միջակ լրագրող էր սկզբում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ»-ում, հետո՝ «Ժողովուրդ» օրաթերթում, ավելի ուշ՝ Panorama.am-ում։ «Ժողովուրդ»-ի հիմնադիրը երբեմնի իմքայլական, այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է։

Թագուհու թերթի նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանն այնքան է կտրվել գետնից, որ անգամ բարեւ չի տալիս իր նախկին գործընկերներին։ Ընդ որում, այս վերաբերմունքը դրսեւորում է հատկապես պատերազմից հետո, երբ Թագուհին դուրս եկավ իրենց շարքերից ու դարձավ ընդդիմադիր։ Բայց եթե Թագուհի Թովմասյանի հետ հարաբերությունների սրումը կարելի է քաղաքական առումով ինչ-որ կերպ հասկանալ, ապա անհասկանալի է, թե ինչու Հովակիմյան Վահագնը չի բարեւում նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, որոնք իրեն ոչ մի վատություն չեն արել։ Նա իր նախկին կոլեգաների կողքով անցնելիս դեմքը շրջում է ու դեմքի արհամարհական արտահայտությամբ անցնում։ Դրան ինքներս ականատես եղանք վերջերս՝ Ազգային ժողովում։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է այսպես պահում, ասացին, որ երկու տարի է՝ Վահագն Հովակիմյանն իրենց տեսնելիս չճանաչելու է տալիս, մինչդեռ կար մի ժամանակ, երբ միասին էին ընդմիջում անում։  

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում