2023-ի ընթացքում պլյուս 11 հազար հնդիկ է եկել Հայաստան, 32000 ՌԴ քաղաքացի էլ դարձել է ՀՀ օրինական բնակիչ

2023-ի ընթացքում պլյուս 11 հազար հնդիկ է եկել Հայաստան,  32000 ՌԴ քաղաքացի էլ դարձել է ՀՀ օրինական բնակիչ

Քանի որ վերջին շրջանում հնդիկների մեծ հոսք կա Հայաստանում, և այդ մասին շատ է խոսվում, ուստի MediaHub-ը հետաքրքրվեց ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից, թե նրանք ի՞նչ կարգավիճակով են գտնվում Հայաստանում ու բացի նրանցից՝ ուրիշ ո՞ր երկրների քաղաքացիներ կան նույն կարգավիճակով։ 

«Ուրեմն, Հնդկաստանի քաղաքացիները հայաստանում կարող են գտնվել ինչպես մուտքի վիզայի ժամկետով, այնպես էլ կացության կարգավիճակներով, ինչպես ցանկացած այլ օտարերկրացի։ Այս պահին առավել մեծ թվով կացության կարգավիճակներ Հնդկաստանի քաղաքացիներն ունեն աշխատանքի հիմքով, երկրորդ հիմքը ուսման հիմքն է։ 2023 թվականի առաջին կիսամյակին միայն շուրջ 4 հազարից ավելի կացության կարգավիճակներ են տրվել ուսման և աշխատանքի հիմքով»,-ասաց Արմեն Ղազարյանը։ 

-Ի՞նչ ժամկետով են դրանք տրվում։ 

-Մեկ տարի ժամկետով՝ թարմացման հնարավորությամբ։ Իսկ մշտական կացության կարգավիճակները, որոնք տրվում են հինգ տարի ժամկետով, այդ նույն ժամանակահատվածի համար Հնդկաստանի քաղաքացիներինը եղել է ընդամենը երեսունը։ Բայց առաջին ինն ամիսների տվյալներով՝ Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի և ելքերի սալդոն եղել է պլյուս 11 հազար։ Այսինքն՝ մարդիկ, ինչպես մուտքի վիզաներով, այնպես էլ կացության կարգավիճակներով գտնվում են Հայաստանում։ Ակնհայտ է կացության կարգավիճակների վիճակագրությունից, որ նրանց առավել մեծ քանակը աշխատանքի նպատակով է գտնվում Հայաստանում, երկրորդը՝ ուսման նպատակով։

 -Իսկ այլ երկրների քաղաքացիների մասով ի՞նչ կասեք։ 

-Ամենամեծ թիվը օտարերկրացիների, որ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ 

-Էլի նո՞ւյն կարգավիճակով։ 

-ՌԴ պարագայում մենք ունենք այլ կարգավորումներ, քանի որ ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին ՀՀ-ում կարող է օրինական բնակվել իր աշխատանքային պայմանագրի ժամկետով։ Բացի այդ, ՌԴ հետ մենք ունենք երկկողմ համաձայնագիր, որի արդյունքում ՌԴ քաղաքացին, եթե հաշվառվի ՀՀ-ում որևէ բնակության հասցեով, իր հաշվառման ժամկետով օրինական բնակիչ է համարվում։ Այդպիսի հաշվառումներ մենք ունենք 32 հազարից ավելի՝ ՌԴ քաղաքացիների մասով, իսկ կացության կարգավիճակներ՝ աշխատանքի հիմքով, ութ հազարից ավելի է տրվել անցած տարվա ընթացքում։

 -Իսկ այլ երկրների՞ց, օրինակ՝ Պակիստանից կա՞ն քաղաքացներ։

 -Պակիստանից չունենք նման տվյալներ, ոչ։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան