Երուսաղեմի գլխավոր կաթոլիկ եկեղեցին և ուխտատեղին հարձակման է ենթարկվել

Երուսաղեմի գլխավոր կաթոլիկ եկեղեցին և ուխտատեղին հարձակման է ենթարկվել:
Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ դեպքի մեղավորները «մտավոր խնդիրներ ունեցող» ամերիկացի զբոսաշրջիկներն են և նրանք են իրականացրել հարձակումը:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է տղամարդը ներխուժել «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երկրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր նետել, պղծել եկեղեցին ու փորձել այրել այն:
Տղամարդուն ավելի ուշ ձերբակալել է իսրայելական ոստիկանությունը, որը հայտարարության մեջ ասվում է. «Ամերիկացի զբոսաշրջիկը ձերբակալվել է Երուսաղեմի Հին քաղաքի եկեղեցում գտնվող արձանը պղծելու, վանդալիզմի և ոչնչացման կասկածանքով»:
Սակայն շատերը պնդում են, որ վանդալիզմի հեղինակները Իսրայելցի ծայրահեղականներն են:
Եկեղեցում աշխատող մի հոգևորական դատապարտել է հարձակումը՝ դրա համար մեղադրելով Իսրայելի կառավարությանը, անհանդուրժող հակաքրիստոնեական վերաբերմունքի մեջ:
«Բարի գալուստ նոր քրիստոնյա ատող Իսրայել, որը քաջալերվում և աջակցվում է ներկայիս կառավարության կողմից», - թվիթերում գրել է Նիկոդեմուս Շնաբելը, բենեդիկտացի վանականը և Երուսաղեմի Վերափոխման աբբայության խոսնակը:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը «սուրբ վայրերը հուդայականացնելու» և Երուսաղեմի քրիստոնեական և մուսուլմանական ինքնությունը ջնջելու Իսրայելի ծրագրի մի մասն է:
Վերջին տարիներին Իսրայելում և օկուպացված տարածքներում քրիստոնեական վայրերի վրա հարձակումներն ավելի հաճախակի են դարձել:
Անցյալ ամիս իսրայելցի երիտասարդները ամանորյա տոների ժամանակ վանդալիզմի ենթարկեցին օկուպացված Արևելյան Երուսաղեմում գտնվող քրիստոնեական գերեզմանոցը՝ ջարդելով խաչեր և տապալելով ավելի քան 30 գերեզմանների տապանաքարեր:
Անվտանգության տեսախցիկի կադրերը ֆիքսել էին, թե ինչպես էին առնվազն երկու վանդալներ ներխուժել գերեզմանատուն և խաչեր ջարդում, մեծ քարեր և մարմարի կտորներ նետում գերեզմանների վրա և ոչնչացնում պատկերագրությունը:
2021 թվականի դեկտեմբերին Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցիների ղեկավարները զգուշացրել են, որ «քրիստոնյաները դարձել են արմատական ծայրահեղական խմբավորումների հաճախակի և շարունակական հարձակումների թիրախ»՝ նկատի ունենալով իսրայելցի ծայրահեղ աջ ակտիվիստներին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հարձակում էր եղել Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի վրա: Փորձել էին մագլցել տանիք և հանել խրակիրն ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում էին կատարել հայերի վրա։
Ավելի վաղ, հունվարի 26-ի գիշերը, Երուսաղեմում հարձակում էր տեղի ունեցել հայկական ռեստորանի վրա: Դեպքի առթիվ MediaHub-ը կապ էր հաստատել Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի հետ՝ պարզելու եղելությունը:
Տեսանյութը՝ այստեղ