Մենք ամեն օր հայհոյանք ու ծեծուջարդ ենք լուսաբանում՝ դեգրադացնելով հասարակությանը 

Մենք ամեն օր հայհոյանք ու ծեծուջարդ ենք լուսաբանում՝ դեգրադացնելով հասարակությանը 

Նկատե՞լ եք, թե հայ ընթերցողն ինչ է կարդում և դիտում հայկական մամուլում։ Մամուլը ողողված է 18+ կոնտենտով՝ հայհոյանք, սպառնալիք, ծեծուջարդ, ու նիկոլականների և գլխավոր «Նիկոլի»՝ Փաշինյանի մտքերը, որոնք հիմնականում բռնաբարում են պետության, ազգայինի և հայրենիքի մասին դարերով եկած ու ձևավորված մեր պատկերացումները։

Երկու օր է՝ մենք լուսաբանում ենք բառացիորեն փողոցային վարքուբարք, որի տակ փորձում ենք քաղաքական միտք կամ ենթատեքստ գտնել, որ դրանով արդարացնենք մեր լուսաբանած հայհոյանքը, ծեծուջարդն ու փողոցային բարքերով դրսևորվող հատուկ «իրադարձությունները»։ Ու մենք չենք ամաչում դրանից, որովհետև նրանք, որոնց մենք լուսաբանում ենք՝ ակտիվիստ, թաղապետ, ավագանու անդամ, քաղաքապետ, պատգամավոր ու նախարար և ավելի վերև, իրենք ևս չեն ամաչում դրանից։ Մենք առանց ամաչելու տեսախցիկները պահում ենք այդ մարդկանց վրա, միկրոֆոնը «դեմ տալիս» ու ասում՝ դե, հայհոյեք, ու հայհոյում են, կամ ձայնագրություն են միացնում, թե ինչպես են իրեն հայհոյում, ինքն էլ ինչպես է դրան համարժեք պատասխանում։ Հետո գնում ենք այդ մարդկանց հետևից, որ ցույց տանք, թե էդ հայհոյանքի պատասխանը ով ումից ինչպես է տեսախցիկների առջև, բայց «տղավարի» ու «փողոցային պանյատներով» տալիս կամ ստանում։

Այո, ժամանակին գարաժների հետևը, բոլորի աչքից թաքուն իրար հետ տղավարի հաշիվ պարզելն այսօր տեղափոխվել է հանրային վայրեր ու տեսախցիկների առջև։

Ժամանակին մի հոգի կար, որ այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, «Մալիբուի» այգում հանդիպում է իր նախկին ընկերներից մեկին, որն իրեն հայհոյում է, ասում է՝ «բարև բ-ի տղա», հետո սկսում են իրար ծեծել, որից հետո այդ բարձրաստիճան պաշտոնյան լայվ է մտնում ու առանց ամաչելու հայտարարում, որ իր նախկին ընկերն իրեն տեսավ ու ասաց՝ «բարև, բ-ի տղա»։ Այդ մարդն այդ օրը չամաչեց իր արածից, մենք էլ չամաչեցինք իր չամաչածն ու իրեն ուղղված հայհոյանքը ակտիվորեն տարածելուց և լուսաբանելուց։ Այսօր մարդը քաղաքական բարձր պաշտոն է զբաղեցնում ու նորից շարունակում է փողոցային վարքուբարքով աչքի ընկնել իր գործունեության ընթացքում, և մենք դարձյալ լուսաբանում ենք նրան։ 

Մենք երեկ ու նախորդ օրը ակտիվորեն լուսաբանում էինք ակտիվիստի ու թաղապետի միջև լեզվակռիվը, հայհոյանքն ու ծեծկռտուքը, որովհտև դրանից առաջ էլ լուսաբանել ենք Ազգային ժողովում՝ երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում տեղի ունեցած փողոցային բարքերով «բանավեճը», թե ինչպես են ժամանակին «հայաթ չիջած» տղաներն այսօր մանդատի ուժով ամբիոնից իջնում ու քացիներով հարձակվում իրենց քաղաքական հակառակորդների վրա, հայհոյում ու սմբակահարում նրանց։ Ու այդ ամենը՝ ուղիղ եթերում, հազարավոր երեխաների, կանանց աչքի առաջ։

Մենք ամեն օր խոսում ենք հասարակություն կրթելուց, քաղաքակիրթ ու գրագետ հասարակություն ունենալուց, բայց ամեն օր մարդկանց մեջ հակառակ արժեքներ ենք սերմանում՝ մարդկանց ցույց տալով, որ «ճիշտը» տեսախցիկների առաջ իրար հայհոյելն է, քացի տալն ու ծեծելը։ Այստեղ հավասարապես մեղավոր ենք բոլորս՝ թե՛ հայհոյողներն ու ծեծողները, թե՛ այդ ամենը լուսաբանողները։ Ու դժվար է ասել՝ որ մեկիս մեղքն է ավելի շատ։

Մենք մեր ամենօրյա գործունեությամբ, իրականում, դեգրադացնում ենք հասարակությանը ու չենք էլ գիտակցում, թե ինչ ահռելի մեղք ենք գործում։ Ցավոք, մենք դրանով նաև պահանջարկ ենք ձևավորել, քանզի չկա ավելի լավ առաջարկ։ 

Վահե Մակարյան