Ճանապարհը ո՛չ Վարդանյանի հեռանալու հաշվին կբացվի, ո՛չ էլ Հաագայի դատարանի միջանկյալ որոշման․ Հակոբյան

Երեկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արայիկ Հարությունյանի որոշմամբ հրաժեշտ տվեց պաշտոնին։
«Արտաքին ճնշումները շատ էին»,- պարզաբանեց Վարդանյանը։
Իսկ ի՞նչ է սպասվում մոտ երեք ամիս գերության մեջ գտնվող Արցախին։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ։
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատումը վտանգավոր է այն առումով, որ վերջին երեսուն տարվա ընթացքում Արցախի Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցավ կադրային փոփոխություն՝ արտաքին ճնշման արդյունքում։
«Որքան էլ Արայիկ Հարությունյանը փորձի ներկայացնել, թե դա այդպես չէ, այնուամենայնիվ, արտաքին ընկալման մեջ դա այդպես է, ու շատ վտանգավոր նախադեպ է։ Տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունը որպես պետություն ինքնուրույն էր իրականացնում իր կադրային քաղաքականությունը։ Հիմա պետք է սպասել նոր պետնախարարի նշանակմանը։ Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ Արցախի ժողովուրդն իր մտադրությունը չի փոխել և շարունակելու է իր այն պայքարը, որը դեռ 1988-ից էր սկսել»,- նշեց Հակոբյանը։ Դիտարկմանը, որ Ալիևի հայտարարություններից ենթադրելի էր, որ եթե Վարդանյանը հեռանա, ապա Լաչինի միջանցքը կբացվի, Հակոբ Հակոբյանն արձագանքեց՝ որևէ մեկի հեռացմամբ չի կարող պայմանավորված լինել ճանապարհի բացումը։
«Երբ սկսվեցին Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին լուրերը, դրանք սկսեցին կապել ճանապարհը բացել-չբացելու հետ։ Այդ ժամանակ դեռևս ասում էինք, որ ճանապարհի բացումը չի կարող կապվել որևէ պաշտոնյայի նշանակման կամ ազատման հետ։ Արդեն մեկ օր է անցել Վարդանյանի պաշտոնանկությունից, սակայն դեռևս ճանապարհը փակ է։ Էլի էլ կրկնում՝ ճանապարհի բացումն այս գործընթացի հետ չի կարելի կապել»,- նշեց Հակոբյանը։
Բայց և այնպես, Հակոբյանը վստահություն հայտնեց, որ ճանապարհի բացումը կապված չի լինի նաև Հաագայի դատարանի միջանկյալ որոշման հետ․ Ադրբեջանն այդքան էլ իրավական ու ժողովրդավար պետություն չէ։
«Մեր առջև կանգնած է Ադրբեջանի մի այնպիսի նախագահ, որը չի փայլում իր ժողովրդավարությամբ ու միջազգային ատյանների որոշումները կատարելու կամք ունենալով։ Չեմ կարծում, որ Ալիևը հարգելու է այդ ատյանների որոշումները»,- ասաց քաղաքական գործիչը։
Դիտարկմանը, որ լուրեր են պտտվում, թե փետրվարի 25-27-ը ճանապարհը կբացվի, այդ դեպքում ի՞նչ հիմքով դա կանի Ադրբեջանը, Հակոբ Հակոբյանն արձագանքեց՝ այդ լուրերը շրջափակման օրվանից հետո ամեն շաբաթ շրջանառվել են։
«Իսկ այդ օդում կախված լուրերին կարծում եմ չպետք է նշանակություն տալ։ Միջանցքը կբացվի, երբ Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից ճնշում կլինի Ադրբեջանի վրա։ Ցավոք, այսօր ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները չունեն այդ հնարավորությունը՝ ճնշելու Ալիևին։ Ուստի, գուցե տարբեր հանդիպումների ընթացքում հնարավոր լինի բացել ճանապարհը։ Սակայն դա էլ չի նշանակի, որ ճանապարհը մեր միջոցով է բացվել։ Այդ դեպքում էլ, երբ մեր կամքից անկախ բացվի ճանապարհը, մեր կամքից անկախ պայմաններ առաջ կքաշվեն»,- շեշտեց Հակոբյանը։
Ամփոփելով խոսքը, Հակոբ Հակոբյանը նշեց՝ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարողանան դառնալ բանակցային կողմ, այլ ոչ բանակցության թեմա։
Նարե Գնունի