Հարգանքով եմ վերաբերում Դաշնակցությանը, բայց դուք մսխել եք ձեր վարկանիշը․ Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

Ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ․ դա փաստ է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով` բայց պետք է նաև ֆիքսենք, թե մենք վերջին հարյուրամյակում ինչպես ենք տրամադրված եղել։

«Նույն ձև թշնամաբար ենք հանդես եկել, իրենք էլ մեզ են թշնամի ընկալում։ Բա հարցը ո՞նց ենք լուծելու։ Ասում եք, թե մենք թուրքական թեզեր ենք առաջ տանում․ ոչ, մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրենք հետագա զարգացումներից, որոնց մեր երկիրը պատրաստ չէ։ Կա իրողություն, որ ստեղծվել է պատերազմից հետո․ ես նույնպես ասել եմ, որ ընդդիմության գործելաոճն ու սահմանին տեղի ունեցողը համընկնում է։ Կապ եմ տեսել, բայց ուզում եմ դրանից դուրս գալ։ Հնարավո՞ր է, որ հակառակորդն օգտվում է մեր այս իրավիճակից։ Այո՛, մենք մեր սխալներն ունենք․ օգտվում է հակառակորդը, մենք չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին։ Բավական է մի նարատիվ նետեն դաշտ, ու մենք սկսում ենք դրանց անդրադառնալ։ Լրատվամիջոցներն էլ տվել անցել են իրենց․ բան են հորինում, սկսում պտտել»,- նշեց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է դադարեցնել այդ ամենը, որ հակառակորդի ջրաղացին ջուր չլցնենք։

«Ես հարգանքով եմ վերաբերում Դաշնակցությանը, բայց դուք մսխել եք այդ Դաշնակցության վարկանիշը։ Այս խորհրդարանում ամենամեծ կազմով է Դաշնակցությունը ներկայացված։ Դուք մի հատ հասկացեք՝ ո՞նց եք մսխել ձեր վարկանիշը»,- նշեց նա։

Նույնը, ըստ Սիմոնյանի, Արցախում էր, որտեղ իր լավ ընկեր Դավիթ Իշխանյանը, կարելի է ասել, իշխանություն էր վերցրել, դրանից փոքր ժամանակ անց ի հայտ եկավ ԼՂ-ն լուծարող փաստաթուղթը։

Մանրամասները՝ տեսանյութում։