Չարենցավանի, Նոր Հաճընի և Բյուրեղավանի անձնագրային բաժինները մինչև տարվա վերջ կփակվեն ու կմիավորվեն այլ բաժինների հետ

Կոտայքի մարզի վեց անձնագրային բաժիններից մինչև տարվա վերջ կմնա երեքը։ Միգրացիայի և քաղացիության ծառայությունից Mediahub-ին ասացին, որ Չարենցավանի անձնագրային ծառայությունը միավորվելու է Հրազդանի ծառայության հետ, այսինքն՝ Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչները իրենց անձնագրային հարցերը լուծելու համար պետք է գնան Հրազդան, իսկ Նոր Հաճընի և Բյուրեղավանի անձնագրային բաժիններն էլ միավորվելու են Եղվարդի անձնագրային ծառայության հետ։ Եւ միայն Աբովյանինը, որը կոչվում է Կոտայքի բաժին, մնալու է նույն կարգավիճակում՝ որևէ բաժնի հետ չի միավորվելու։
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Mediahub-ին ասաց, որ ամբողջ Հայաստանում արդեն մեկնարկել է անձնագրային ծառայությունների օպտիմալացման գործընթացը, բայց իրենք աստիճանաբար են փակում միավորման ենթակա բաժինները։ Այս պահին, օրինակ, Նոր Հաճընի և Բյուրեղավանի ծառայություններում մեկական աշխատակից դեռ ունեն, որ կազմակերպեն այս գործընթացը։ Նույն տրամաբանությամբ Չարենցավանն է լինելու, որը դեռ գործում է ամբողջ կազմով, բայց, ըստ Նելլի Դավթյանի, եթե Նոր Հաճընն ու Բյուրեղավանը վերջնական կփակվեն և կմիավորվեն Եղվարդի հետ մինչև այս տարվա կես, ապա Չարենցավանի դեպքում Հրազդանի ծառայության հետ միավորումը նախատեսում են ավարտել մինչև տարվա վերջ։
Մեր դիտարկմանը, թե կան դժգոհություններ այդ համայնքների բնակիչների կողմից, որ պետք է ստիպված լինեն ամեն անգամ ֆիզիկապես հասնեն այլ քաղաքներ, օրինակ՝ Հրազդան, որ իրենց անձնագրային հարցերը լուծելու, Նելլի Դավթյանն ասաց․ «Այո, ամեն անգամ պետք է ֆիզիկապես հասնեն Հրազդան, բայց խնդրում եմ նկատի ունեցեք, որ մեր աշխատանքները տարվում են այն ուղղությամբ, որ էդ ամեն անգամը լինի մի քանի տարին մեկ անգամ»։
-Իսկ ինչպե՞ս եք դա կազմակերպելու, որ մի քանի տարին մեկ դիմեն անձնագրային ծառայությանը։
-Հիմա պետք է հերթով անցնենք անձնագրային ծառայությունների վրայով, որոնք մատուցվում են մեր տարածքային ստորաբաժանումների վրայով, որոնք մատուցվում են մեր տարածքային ստորաբաժանումներում, որ հասկանանք, թե ինչ հաճախականությամբ են դրանց կարիքն առաջանում։ Անձնագրի տրամադրում և փոխանակում․ ստանդարտ պայմաններում դա տրամադրվում է տասը տարի ժամկետով, եթե քաղաքացին չի կորցնում, ապա ավելի հաճախ մոտենալու կարիք չի ունենում։ Նույնականացման քարտը բոլորովին նույն տրամաբանությամբ է տրամադրվում։ Հաշվառման գործարք է տեղում արվում, իսկ հաշվառման կարիք առաջանում է, երբ բնակարանի առք ու վաճառք է տեղի ունեցել։ Հանրային ծառայությունների համարանիշ ենք տեղադրում՝ դրա վերաբերյալ տեղեկանք, որը օնլայն հնարավոր է ստանալ, միայն թե էլեկտրոնային ստորագրություն է պետք, և հանրային ծառայությունների համարանիշը յուրաքանչյուր մարդու կյանքում գեներացվում է մեկ անգամ։ Եւ ելքի կնիքի տրամադրումն էր, որը հանել ենք։
-Այսինքն՝ հիմա Վրաստան, Ռուսաստան կամ ցանկացած այլ երկիր մեկնելիս ելքի կնիքի անհրաժեշտություն այլևս չկա՞։
-Ճիշտ եք, սահմանը հատելիս այդ իրավակարգավորումը արդեն հանված է։
-Այդ ամենով հանդերձ, սակայն, նույն Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչների համար, միևնույն է, բարդ է լինելու ամեն անգամ այդ հարցով գնալ-հասնել Հրազդան, ինչը արդեն դժգոհություն է առաջացրել մարդկանց մոտ։
-Այո, իհարկե, կա դժգոհություն, բայց կարող եմ այդ դժգոհությունը մեկնաբանել հետևյալ կերպ․ ցանկացած այդ մասշտաբի փոփոխության դեպքում նման դժգոհությունը կանխատեսելի է ու նաև որոշակիորեն կարող է ունենալ ոչ օբյեկտիվ հիմքեր։ Դա պետք է ժամանակը և մեր աշխատանքը ցույց տան՝ այդ դժգոհությունը տեղի՞ն է, թե՞ ոչ։
-Թեպետ Դուք ասում եք՝ մի քանի տարին մեկ է կարիք առաջանալու դիմել անձնագրային ծառայությանը, բայց պետք է նկատենք, որ մինչև հիմա էլ դեռ մեծ հերթեր են գոյանում անձնագրային բաժիններում, ուստի չի բացառվում, որ այս միավորումից հետո ևս այդ հերթերը կշարունակվեն, ընդ որում՝ արդեն մեկ համայնքում միավորված անձնագրային բաժնի մոտ կգոյանան այդ հերթերը՝ ավելի մեծ ծավալով։
-Չէ, այդքան էլ այդպես չի լինելու։ Այն, որ հոսք կա, էդ մասով, իհարկե, համաձայն եմ, և հերթերը հենց հիմա Եղվարդում, Չարենցավանում որոշակի ծավալների են, դա ժխտել չի լինի, բայց որ այդ հերթերը տեղափոխվելու են Հրազդան, մենք փորձում ենք կանխել այդ իրավիճակը, մինչև որ ֆիզիկապես այդ ծառայությունները կմիավորվեն։ Ասեմ՝ ինչպես ենք կանխելու․ ամբողջ անձնագրային ոլորտում որոշակի համակարգ ենք ներդնում հերթերի կառավարման իմաստով։ Երևանում դա մեկնարկել ենք անցյալ տարվա մայիսի 26-ին։ Ժամադրությունների կոնցեպտն ենք ներդրել, այսինքն՝ անձը մեկ շաբաթ շուտ, երկու շաբաթ շուտ վերցնում էր ժամադրություն՝ կոնկրետ օր և ժամ, մոտենում էր, շատ արագ սպասրակվում և հեռանում։ Հիմա մեր կանխատեսումներով՝ այդ ամրագրումների հերթի ամենամեծ մասնաբաժինը ելքի կնիքինն էր։ Հիմա հանել ենք այդ իրավակարգավորումը։ Իհարկե, որոշակիորեն համակարգը սթրեսի է ենթարկվել տեղահնված մեր բնակչության պահանջարկը բավարարելու իմաստով, որովհետև այդ պահանջարկը մենք խնդիր ունեինք բավարարելու շատ կարճ ժամանակահատվածում, բայց, կարծես, արդեն տեսանելի ապագայում դա էլ ենք հաղթահարում։ Հիմա դա էլ եթե մի կողմ թողնենք, մենք ունենք հերթերի կառավարման երկու կոնցեպտ, մեկը ժամադրությունն է, մյուսը տեղում տերմինալների միջոցով կտրոն գեներացնելու կոնցեպտն է։ Հիմա մենք հաշվարկ ենք անում, որտեղ մեր ռեսուրսը գերազանցում է այնքան ավել, որ մեր պահանջարկը գերազանցում է այնքան ավել, որ այդ հերթը բաշխվում է երեքից ավելի օրերի միջև, դա Երևանի մոտ մարզերն են լինելու մեր կանխատեսումներով, այդտեղ մենք նույնպես կկիրառենք ժամադրության կոնցեպտը։ Եթե մինչև երեք օրվա պահանջարկ է, այդ պարագայում մենք դնում ենք տերմինալ, որի վրա հնարավոր է կտրոն վերցնել ոչ թե այդ օրվա համար, այլ հաջորդ օրվա համար կամ երեք օրվա ինտերվալով, որպեսզի մենք նաև մարզային բնակչության իմաստով կարողանանք բավարարել այն կարիքը, որ գուցե օնլայն կամ էլեկտրոնային հերթագրման հնարավորություններից մարզային բնակչության ոչ ամբողջ ծածկույթն է ի վիճակի օգտվել, տեղում էլի մոտենալու տարբերակով հնարավոր լինի հերթ վերցնել։ Ու մենք կվերացնենք այն իրավիճակը, երբ անձնագրային ծառայության առջև, լուսադեմին, դեռ անձնագրայինը չբացված՝ հերթի ապարատից օգտվելու համար արդեն իսկ առանձին հերթ է գոյանում։
Վահե Մակարյան