Բախվել են «Nissan Teana»-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 24-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և մոպեդավարի ինքնությունը: